Մատչելիության հղումներ

Ըստ ավանդույթի, մեր թվարկությունից առաջ 269 թվականի փետրվարի 14-ին գլխատեցին սուրբ Վալենտինին, ով թաքուն ամուսնացնում էր երիտասարդներին:

Խնդիրն այն էր, որ Հռոմի Կլավդիոս Երկրորդ կայսրը համարում էր, որ երիտասարդները, որոնք ընտանիք չունեն, ավելի լավ զինվոր են դառնում, քան նրանք, ովքեր ունեն, եւ արգելել էր նրանց ամուսնանալ: Իսկ Վալենտինը այդուհանդերձ ամուսանցնում էր երիտասարդներին: Սուրբ Վալենտինի տոնը ավելի տարածված է արեւմտյան երկրներում եւ կաթոլիկների շրջանակում, բայց վերջին տարիներին այն նշում են նաեւ հայ երիտասարդները:

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն ասում է, որ տոնի տարածումը ոչ կաթոլիկ երկրներում միայն եկամուտ ստանալու նպատակ է հետապնդում:

«Սա առիթ է, որպեսզի լավ վաճառվեն բացիկներ, փուչիկներ, ծաղիկներ, արդուզարդ եւ այլն: Սա ապրանք ծախելու մեծ մարկետինգային ծրագիր է, լավ հնարավորություն, եւ պարզ է, որ այդ նորամուծությունը պետք է գար նաեւ Հայաստան», - ասաց Լիա Ավետիսյանը:

Այսօր բավականին շատ երիտասարդների հանդիպեցինք, ովքեր քայլում էին փուչիկներով, ծաղիկներով եւ նվերներով: Շրջեցինք նաեւ մի քանի խանութներով՝ փորձելով պարզել, թե արդյոք բացիկների, փուչիկների ու այլ իրերի վաճառքն ավելացել է օրվա ընթացքում: Նշեմ, որ քաղաքի կենտրում մեր այցելած երեք խանութներն էլ այնքան մարդաշատ էին, որ վաճառողները հրաժարվեցին հարցազրույց տալ: Հաճախորդներ պատասխանեցին, որ հիմնականում գնում են բացիկներ, փոքրիկ խաղալիքներ եւ ծաղիկներ:

Իսկ ըստ ավանդույթի, այսօր ամենաընդունված նվերը «վալենտինկաներն» են՝ բացիկները: Դրանց յուրահատկությունը նրանում է, որ հենց նվիրողի կողմից պետք է պատրաստված լինեն: Այդ բացիկները շատ տարածված են եղել 19-րդ դարի Մեծ Բրիտանիայում: Իսկ արդեն 21-րդ դարի ԱՄՆ-ի Շնորհավորական բացիկների ասոցիացիայի տվյալներով վալենտինկաները սուրբ ծննդյան բացիկներից հետո ամենաշատ նվիրվող բացիկներն են՝ տարեկան մոտ 190 միլիոն: Իսկ տեխնոլոգիաների զարգացմամբ՝ այս օրը արդեն համացանցով ուղարկվում են միլիոնավոր էլեկտրոնային վալենտինկաներ:

XS
SM
MD
LG