Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանյան վերլուծաբանների կարծիքով, անցած կիրակի Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են անցնել առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ ինչպիսի պահվածք կդրսեւորեն այդ ընտրություններում հիմնական քաղաքական ուժերը:

«Կոպիտ ընտրախախտումներ` լցոնումներ, գողություն քվեատուփերի, չեն լինելու: Առնելու են ձայները: Ինչը ապացուցեցին Հրազդանի ընտրությունները, եւ դա շարունակվելու է նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Ընտրակաշառքն է այստեղ լինելու հիմնական դոմինանտ ուժը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց քաղաքական տեխնոլոոգ Կարեն Քոչարյանը:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Իշխանությունը, որ ասում է, թե շատ նորմալ ընտրություններ էին Հրազդանում, դա, հավանաբար, իշխանությունը շեշտում է այն հանգամանքը, որ չի եղել բռնություն… Կարծում եմ, որ այս ուղղությունը նաեւ կտարվի խորհրդարանական ընտրություններում»:

«Մյուս կողմից էլ», - շարունակեց Մեհրաբյանը, - «ընդդիմությունն էլ որ ասում է, որ դա այդպես է [Հրազդանում ընտրություները կեղծվել են], դա ենթադրում է նաեւ այն, որ ընդդիմությունը պետք է նաեւ համապատասխան մեխանիզմներ մշակեր դա կանխելու համար… Մենք փաստորեն դա էլ չտեսանք: Եվ ստացվեց այն, ինչ ստացվեց: Նույնը կստացվի նաեւ խորհրդարանական ընտրություններում, նույնիսկ` ավելի վատ, եթե ընդդիմությունը լրջագույն սրբագրումներ չկատարի իր մարտավարության մեջ, իր մոտեցումներում»:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի ներկայացմամբ, հրազդանյան ընտրություններից պետք է հատկապես առանձնացնել այն հանգամանքը, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն` Սասուն Միքայելանը ընդամենը 15 տոկոսով էր քիչ ձայն հավաքել իշխանական կուսակցության թեկնածուից: Ըստ փորձագետի, հայտնի չէ` եթե այդ ընտրություններին մասնակցեր նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն ու իշխանական ընտրազանգվածի ձայները բաժանվեին, ինչպիսի՞ն կլինեին ընտրությունների արդյունքները:

«Կոնգրեսը իր ձայները պահելու է, որովհետեւ իր ձայները գաղափարական են, իսկ նրանց ընտրազանգվածները ինչ-որ չափով տոկոսներով բաժանվելու են», - լրագրողներին այսօր ասաց Բադալյանը:

Նրա համոզմամբ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ. - «Այս երեքից ոչ մեկն էլ չունի այն վարկանիշը, որ ապագա խորհրդարանում ունենա 67 եւ ավելի տեղ: Եվ ամենայն հավանականությամբ, եթե Կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը գրագետ աշխատեն եւ թույլ չտան երրորդ կողմին «նկարչությամբ» զբաղվել, ապագա խորհրդարանում մոտավորապես հավասար ներկայություն կլինի: Ինչը նշանակում է, որ ապագա խորհրդարանում էլի կլինի կոալիցիա, բայց թե ի՞նչ կոալիցիա եւ ով ում հետ, չենք կարող ասել»:


Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG