Մատչելիության հղումներ

logo-print

Մի քանի օր առաջ վրացական ջազ կվինտետը համերգային շրջագայությունով գտնվում էր Հայաստանում:

Վրացի երաժիշտ Իրակլի Կոիավան արդեն 10 տարի է, որ հանդիսատեսին է ներկայանում իր յուրօրինակ նախաձեռնությամբ. - «Ես իմ առջեւ նպատակ եմ դրել, ստանալ այնպիսի արտադրանք, որ ներկայացնեմ նախ իմ հարազատ երկրում, հետո հարեւան երկրներին` համերգային ծրագրերի ժամանակ. սա կարծես մեծ փորձ լինի` սեր, շփում, ընկերություն երաժշտության միջոցով»:

Հայաստանի հետ համագործակցունը սկսվեց «Բամբիռ» ռոք խմբի հետ ծանոթանալուց հետո: Իրակլին նշում է, որ համատեղ համերգներով հանդես են եկել Վրաստանում եւ Հայաստանում: Երեւանում շրջագայության ժամանակ ակումբներում համերգներով հանդես գալու հարցում կվինտետին աջակցել է «Բամբիռ» ռոք խմբի մենեջեր Ռուբեն Սեֆիլյանը:

Երեւանում վրացի երաժիշտներն արդեն ձեռք են բերել երկրպագուներ. - «Կարծում եմ, որ մարդիկ արդեն ճանաչում են: Լավ համերգներ ենք ունեցել, լի դահլիճով: Եթե 50 մարդ ինձ լսում եւ ծափահարում է, ասում, որ հետաքրքիր երաժշտություն ենք ստանում ռետինե խողովակի տեսք հիշեցնող տարօրինակ գործիքներով, դա արդեն հետաքրքիր է: Ես կարծում եմ միշտ էլ հանդիսատես կգտնվի: Թող լինի 5-ը, բայց իսկական հանդիսատես: Ես չեմ ուզում լցնել դահլիճ, որտեղ ոչ ոք չի լսի. սա ինտելեկտուալ երաժշտություն է»:

«Ջազ երաժշտությունը ինտելեկտուալ եւ խորը երաժշտություն է. այն մեր հոգին եւ մարմինն է», - նշում է Իրակլին եւ հավելում. - «Իհարկե ակումբներում, բարերում, փառատոններում համերգներ ունենում ենք, տարբեր երաժշտական նախագծերով ենք հանդես գալիս, համագործակցում ենք շոու-բիզնեսի վոկալիստների հետ. դա բիզնես է, որպեսզի կարողանանք ապրել եւ նորմալ սնվել: Բայց սա, ինչով ես առանձին 10 տարի զբաղվում եմ, այլ է: Սա իմ հոգին է: Իմ ամենաբարձր նպատակն է, որ Կովկասում հասնեմ ինչ-որ բանի, որպեսզի ճանաչեն Իրակլի Կոիավային, ով ջազ է նվագում, երաժշտություն է ստանում ամեն ինչից, եւ այդ ամեն ինչը փոխկապակցված է»:



XS
SM
MD
LG