Մատչելիության հղումներ

Բնապահպանները պահանջում են հետ կանչել օրենքը


Բնապահպանների ցույցը նախագահի նստավայրի մոտ:
Բնապահպանների ցույցը նախագահի նստավայրի մոտ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքին դեմ արտահայտվող մի քանի տասնյակ բնապահպան ակտիվիստներ, Գլխավոր պողոտային հարող այգուց երթով հասնելով նախագահի նստավայր, նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին հանձնեցին Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ` պահանջելով ետ կանչել նշված օրենքը, որը խորհրդարանն ընդունել է փետրվարի 6-ին:

«Օրենքում տրված են փորձաքննության չափանիշները, բայց տրված չեն փորձաքննության հիմք հանդիսացող գնահատման չափանիշները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Ակցիայի մասնակիցների կարծիքով, օրենքը պարունակում է նաեւ այլ վտանգներ: Բնապահպանները մտահոգված են, որ փաստաթղթով թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակով անտառահատումներ` առանց հասարակական լսումների եւ փորձաքննության անցկացման:

«Հասարակական լսումներն էլ շատ ձեւական բնույթ են կրում, զուտ խորհրդատվական: Այս օրինագծով մենք խաչ ենք քաշում Հայաստանի բոլոր անտառների վրա», - ասաց Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքով, ըստ ցուցարարների, հասարակությունը մեկուսացվել է որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից, հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները, չի իրականացվելու շրջակա միջավայրին հասցված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում:

Ակցիան միացել էր Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա գտնում է, որ բնապահպանական ոլորտի օրենքները կապված են 2012 թվականի բյուջեի եկամուտների հետ: Եվ ոչ միայն. - «Մի անբացատրելի արագությամբ փորձեցին ուղղակի սղղացնել այս օրենքները, որովհետեւ եթե դա չանեին, ինչպես ասում էին, ապա բյուջեի կատարումը կդառնար արդեն իսկ ռիսկային... Անգամ հայտարարվեց, որ օրենքի ընդունումը մեկ ռեժիմով պարտադիր էր, որպեսզի միջազգային կազմակերպությունները վարկ տրամադրեին»:

Բնապահպանության նախարարությունից Հասմիկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց նախարար Արամ Հարությունյանի արձագանքը բնապահպանների մտահոգություններին. - «Թող առաջարկեն իրենց առաջարկությունները, դիտողությունները: Եթե փոփոխության կարիքը լինի, բնականաբար, փոփոխությունները կկատարվեն»:


please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG