Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է Հայաստանի տնտեսական աջակցության հիմնադրամին հաջորդ տարի հատկացնել 27 միլիոն 219 հազար դոլար: 2012-ին Հայաստանին հատկացած գումարը կազմել է 40 միլիոն դոլար:

Հարկ է նշել, որ այդ 27 միլիոնի մեջ ներառված չեն նախորդ տարիներին Տնտեսական աջակցության հիմնադրամին հատկացված թմրամիջոցների միջազգային վերահսկողության ու Հայաստանի իրավապահ մարմիններին հատկացվող 2 միլիոն 824 հազար եւ համաշխարհային առողջապահական ծրագրերին տրվող 2.5 միլիոն դոլարը: Եթե դրանք էլ գումարենք հիմնադրամին տրվող գումարին, Հայաստանին 2013-ին կհատկացվի մոտ 32.5 միլիոն դոլար, ինչը 2012-ի համեմատությամբ19 տոկոսով քիչ է:

Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, Օբամայի վարչակազմը որոշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն պահպանել. յուրաքանչյուր երկրին առաջարկել է հատկացնել 2.7 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման համար եւ 600 հազար դոլար ռազմական կրթության համար:

«Մենք գնահատում ենք վարչակազմի որոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ֆինանսավորման հավասարակշռությունը պահպանելու հարցում», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Բրայան Արդունին` շարունակելով. - «Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ 20 տարի շարունակվող շրջափակումը եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների պատճառով տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրավիճակը, հարկավոր է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցությունը առնվազն պահպանել 2012-ի մակարդակում»:

Հարավային Կովկասի երեք երկրներից Վրաստանն ամենաշահեկան վիճակում է հայտնվել: ԱՄՆ-ի բյուջեում Սպիտակ տունը երկրին հատկացրել է մոտ 42,7 միլիոն դոլար:

Ռազմական օգնության ոլորտում պաշտոնական Թբիլիսիին տրվող գումարը նույնպես զգալիորեն ավելի մեծ է` մոտ 16 միլիոն:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախորդ տարիների նման բյուջետային քննարկումների ժամանակ կոնգրեսականներին կհաջողվի ավելացնել այդ հատկացնումները:

«Սա կարծում եմ, որ ընդհանուր կրճատումների հետ է կապված, բայց ինչ-որ չափով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին է խոսում, վկայում: Որովհետեւ, օրինակ, Վրաստանը շարունակելու է ստանալ Հայաստանից ավելի գումար», - հավելեց Մանոյանը:

Լեռնային Ղարաբաղին առանձին գումար նախատեսված չէ հատկացնել: Չնայած, հիշեցնենք, վերջին մի քանի տարիներին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ծրագիրը այդ նպատակով տրամադրել է 2 միլիոն դոլար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է նաեւ, որ բացի հատկացվող ամենամյա օգնության կրճատումից, Օբամայի վարչակազմը Հայաստանին չի առաջարկել հաջորդ տարի հայտ ներկայացնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Աղքատության կրճատման ծրագրին մասնակցելու համար:

Այս կապակցությամբ Կիրո Մանոյանը նկատեց. - «Դա, ենթադրում եմ, իրենք վերապահում են ընտրություններից հետո քաղցրացնելու կամ չքաղցրացնելու առաջարկ: Եվ դրա համար է, որ շատ հավանաբար մինչեւ ընտրությունները չեն էլ առաջարկի: Բայց խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իրենք գոհ կմնան ընտրությունների արդյունքներից, կարող է եւ առաջարկեն»:

Հիշեցնեմ` 2006-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար` ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: Սակայն 2009-ին կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացման պատճառով:

Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը անցած տարվա մայիսին ասել էր, թե Հայաստանը «այս պահին չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի ֆինանսավորման համար, քանի որ, ի թիվս այլ հարցերի, նաեւ անցած [2008-ի նախագահական] ընտրությունների պատճառով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում կորպորացիայի պահանջներին»:

XS
SM
MD
LG