Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է երեկ Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրությունները` պահանջելով «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին»:

Այսօր տարածած հայտարարությամբ ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Ըստ այդ դրույթի` «քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»:

«Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

«Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին», - ասված է հայտարարությունում: - «Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG