Մատչելիության հղումներ

logo-print

39-ը համայնքներից 31-ում հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հանրապետության 39 համայնքներից 31-ում երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների, կոալիցիոն մյուսի ուժի` «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները հաղթել են երկու համայնքներում: Մնացած 6-ում ընտրվել են անկուսակցական թեկնածուները: Կոալիցիոն «Օրինաց երկիր»-ը ներկայացնող երկու թեկնածուները պարտվել են:

ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ մրցակցություն արձանագրվել է մեկ համայնքում, որտեղ հաղթել է Հանրապետական թեկնածուն:

Մի քանի համայնքներում ՀՀԿ-ի թեկնածուները պայքարում էին միմյանց դեմ: Լոռու մարզի Բլագոդառնոյե գյուղում առաջադրված բոլոր երեք թեկնածուները ներկայացնում էին իշխող կուսակցությունը:

Շիրակի մարզի Պեմզաշենում անկուսակցական համայնքապետին հաջողվել է հաղթել մրցակից երկու հանրապետականներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ տեղի ունեցած ընտրությունները որակում է «նախորդից մեկ քայլ առաջ»: Նրա խոսքով` դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների որեւէ սահմանափակում տեղի չի ունեցել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ ընտրախախտումների վերաբերյալ թեկնածուներից դիմում-բողոքներ չեն ստացել: Դա էլ, ըստ Մուկուչյանի` «լավ կազմակերպված ընտրությունների վկայությունն է»:

«Ընտրությունները կազմակերպվեցին Ընտրական օրենսգրքի պահանջների տառին եւ ոգուն լիարժեք համապատասխան: Միանշանակ կարելի է պնդել ու փաստել, որ իրականում էական քայլ առաջը արդեն իսկ արված է», - հայտարարեց ԿԸՀ-ի նախագահը:

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցները ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին էին խոսում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ԿԸՀ-ն հետամուտ լինելո՞ւ է այդ հայտարարություններին, Մուկուչյանը պատասխանեց. - «Միայն մեկի կապակցությամբ է, որ ներկայացվել է հաղորդում: Աշխատանք, որ նախատեսված է Քրեադատավարական օրենսդրությամբ, իրականացվել է, եւ դեպքն էլ վերաբերել է բացառապես մեկ քաղաքացու եւ բացառապես մեկ կաշառք ստացողի: Ակնարկվել է ընդամենը այդ երկու անունը: Մնացած բոլոր դեպքերում անգամ չկա, թե ով է եղել տվողը, ով է եղել ստացողը: Անտրամաբանական կամ տարօրինակ է, որ այդ բոլոր դատողությունները արվում են երրորդ դեմքով… Հետեւաբար այս պարագայում ինքս, համենայն դեպս այն նյութին, որ առկա է, անկեղծ, որպես իրավաբան նաեւ, լուրջ չեմ վերաբերվում»:

Երեկ տեղի ունեցած ընտրությունները ձեռնպահ է մնում գնահատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ «գնահատելը դեռ վաղ է»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Շիրակի մարզի երկու համայնքներում առաջադրված ու պարտված իրենց կուսակիցներին «Օրինաց երկիր»-ը չէր առաջադրել, նրանք ինքնառաջադրվել էին:

Իսկ ընտրությունները, Բիշարյանի գնահատմամբ, նորմալ ընթացք են ունեցել, եւ իրենց կուսակցությունը չի բողոքում:

Հարցին, թե ինչու իրենք առաջադրումներ չէին արել, Հեղինե Բիշարյանը արձագանքեց. - «Մենք շատ տեղերում ունենք, որոնք մնացել են տեղերում, որոնք իրենք ժամանակը չի, որ ընտրություններին մասնակցեին: Այդպես ինքնանպատակ դնել, ամեն տեղ մասնակցել ի՞նչ կարիք կար որ»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով` երեկվա ընտրություններից ինքը եկել է եզրահանգման, որ «ժողովուրդը ձայն է տալիս Հանրապետականին»:

«Նույն Հրազդանը եթե վերցնենք էտալոն, բողոքներ չկան, որովհետեւ էական խախտումներ չեն եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` շարունակելով. - «Սա առաջին չափանիշն է, որ մենք գնացել ենք նորմալ, արդար ընտրությունների, առանց խախտումների: Դա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին պետք է ցուցադրենք, որ մենք գնում ենք ճիշտ, արդար ընտրությունների եւ առանց խախտումների: Եվ կարծում եմ, Ազգային ժողովի ընտրություններին մենք գնալու ենք նույն չափանիշներից ելնելով»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ պնդումներ կան, թե ընտրախախտումներ Հրազդանի ընտրություններում եղել են, Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց. - «Տեղեկություն չունեմ, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել: Գուցե ինչ-որ մեկ-երկուսը ինչ-որ բան են արել… Բայց հիմնականում ապացույցներով, որ նման խախտումներ կան` ընտրակաշառքներ, լցոնումներ, մնան բան չկա»:

Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը երեկվա ընտրություններում թեկնածուներ չառաջադրեցին: ՀԱԿ-ը մասնակցեց միայն Հրազդանում: Ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը նրանք կներկայացնեն առաջիկայում:

XS
SM
MD
LG