Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Սարի թաղի սողանքային գոտում ապրող բնակիչներն արդեն չգիտեն, թե ում դիմեն, որ վերջապես իրականություն դառնա կառավարության 2009 թվականի որոշումը, համաձայն որի իրենք պետք է վերաբնակեցվեն: Թաղամասի տասը ընտանիքներ շարունակում են ապրել ահը սրտներում` ամեն վայրկյան սպասելով նոր փլուզումների:

Հայաստանի կառավարությունը 2009 թվականին արձանագրել է, որ Սարի թաղի 18 փողոցում գտնվող տասը տները սողանքի հետեւանքով դարձել են վթարային ու բնակության համար ոչ պիտանի: Ավելի քան 50 բնակչի վերաբնակեցման մասին որոումը ընդունելով` կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին է հանձնել բնակարաններ հատկացնելու իրավասությունը: Բնակարանները պետք է կառուցվեին 2009-2011 թվականների պետական բյուջեով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերով: Բնակիչներին նոր բնակարան էր տրվելու իրենց վթարային տները անհապաղ ազատելուց ու սեփական ուժերով քանդելուց հետո: Որոշումից երեք տարի է անցել, բայց սողանքի գոտում ապրողներ դեռ սպասում են իրենց բնակարանումուտին: Բնակիչներից Շուշանիկ Մարգարյանի երկհարկանի տան հենց բակից երեւում է մի քանի տարի առաջ սողանքի բերած մեծ քարերը, որոնք ամեն պահի կարող են ընկնել տան վրա:

«2006 թվականից քարերը թափվում են: Տեղը այգի էր», - «Ազատություն» ռադիոկայանին պատմում է նա:

Բնակիչները ցույց են տալիս իրենց տների խոնավ պատերը, որոնց ճեղքերն օրեցօր ավելի են լայնանում:

«Գազ չքաշեցինք, որովհետեւ չի կարելի քաշել, վտանգավոր է, վթարային է, բայց չեն ուզում մեզ վթարային տնից տեղափոխել: Ամսեամիս, անգամ օրեցօր ճաքերը շատանում են», - ասում էր մեկ այլ բնակիչ:

Մարդիկ հիշում են, թե ինչպես երեք տարի առաջ հարեւաններից մեկի երկհարկանի տունը փլուզվեց: Մի կողմից վախը, որ սողանքը կարող է նոր փլուզումներ լինել, մյուս կողմից էլ խովանությունը, վթարային տների բնակիչներից շատերին ստիպել է թողնել տներն ու գնալ վարձով ապրելու: Քնարիկ Սարիբեկյանի տան խոհանոցն ու սանհանգույցը վաղուց փլուզվել է:

«Տնից ամենաշատը խոհանոցն է օգտագործվել, բայց փլվելուց հետո խոհանոց չկար, բաղնիք-զուգարան չկար, ավտոտնակը ամբողջությամբ փլվեց, ոչ մի բան չկա: Սկեսուր-սկեսրայրս տեղափոխվել, վարձով են ապրում, մենք էլ այստեղ: Արդեն սարը եկել է իմ տան վրա, բայց էս քարը որ գա, վնաս տա, մեր անվտանգությունը կապահովե՞ն», - հարցնում է Սարիբեկյանը:

Սողանքի հետեւանքով արդեն քանի տարի է բնակիչներից մեկի տան հենց նկուղում փոքր գետակ է հոսում: Թաղամասի տները սողանքից դարձել են խոնավ ու անհարմար: Բնակիչներն ասում են` հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, որ իրենց համար նոր բնակարաններ կան ու առաջիկայում կարող են տեղափոխվել, հետո էլ հայտնել են, թե առայժմ խնդիրը չեն կարող լուծել:

Երեւանի քաղաքապետարանը «Ազատություն» ռադիոկայանին այս հարցի առնչությամբ պարզաբանումներ կտա ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG