Մատչելիության հղումներ

Ուիթնի Հյուսթոնը ծնվել է ԱՄՆ-ի ամենաաղքատ Նյու Ջերսի նահանգում 1963-ի օգոստոսի 9-ին, մահացավ Լոս Անջելեսի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի համարում:

Հյուսթոնը 48 տարեկան էր: Նրա մահվան լուրը շատերին է ցնցել: Հաղորդավար Ժակը այդ մասին իմացել է կիրակի առավոտյան CNN-ից: Ժակի գործընկեր, հաղորդավարուհի Լուսինեն լուրը լսել է BBC-ով. - «Նախ այդպես չէր լինում, որ առավոտյան արթնանամ ու միանգամից այդ ալիքը միացնեմ, երկրորդն էլ մի պահ թվաց, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության հետ է կապված», - պատմում է նա:

Հյուսթոնը փառքի գագաթնակետին էր 1980-ական եւ 1990-ական թվականներին, իսկ նրա մի շարք երգեր՝ այդ թվում I Will Always Love You երգը, աշխարհի ամենասիրված սինգլների շարքում էին: Ժակի խոսքերով այն ինչ թողել է երգչուհին, բավական է, որ նրա հիշատակը vառ պահեն բոլորը:

Վերջին ալբոմը, Լուսինեի եւ Ժակի խոսքերով, հուսադրող էր. - «Մտածում էինք, որ ինչ-որ չափով կշարունակի ստեղծագործել, ձայնագրություններ անել, մնալ ընթացքի մեջ»:

Անցյալ 10 տարիները Հյուսթոնի համար դժվար ժամանակներ էին: Նա հայտարարում էր, որ իրեն ծեծում է ամուսինը` Բոբի Բրաունը, ապա սկսեց թմրանյութեր օգտագործել եւ անընդմեջ բուժվում էր նարկոլոգիական կենտրոններում: Նրա փառքը մոտեցավ մայրամուտին: Ամուսնալուծվեց եւ վերջին շրջանում նրան հաճախ տեսնում էին ռեպեր Ռեյ Ջեյի հետ:

«Այն հաջողությունների հասած մարդուն, ինչպիսին Ուիթնի Հյուսթոնն էր, Աստված տվել էր հնարավորություն հաղթահարելու այնպիսի դժվարությունները, որ բացառիկ թվով մարդիկ կարող են», - նշում է Ժակը:

Լուսինե հավելում է, որ Հյուսթոնը հեղափոխական էր. - «Նրան սկսեցին կրկնօրինակել աշխարհի շատ երգիչ-երգչուհիներ», - ասում է նա:

Երգչուհին բազմաթիվ մրցանակների է արժանացել, խաղացել է կինոյում: «Թիկնապահը» ֆիլմը, որում նա գլխավոր հերոսուհու դերն էր կատարում, մեծ հաջողություն է վայելում: Աշխարհում վաճառվել է նրա 170 միլիոն ձայնասկավառակներ եւ սինգլներ: Նա 6 անգամ «Գրեմմի»-ի մրցանակակիր է դարձել, սակայն վերջերս կորցրել էր ձայնը թմրամիջոցներ օգտագործելու հետեւանքով:

«Ինձ համար Ուիթնի Հյուսթոնը մեծատառով երգչուհի էր, առաջնահերթ դա կարող եմ ասել: Անգիր չգիտեմ նրա բոլոր երգերը, բայց հետեւել եմ նրա ստեղծագործական ընթացքին: Ինձ համար անհասկանալի է մի բան. ինչպես կարող է մարդ նման վոկալ ունենալ», - նշում է երգիչ, հումորիստ Արամ MP3-ին:

XS
SM
MD
LG