Մատչելիության հղումներ

Ըստ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, Հրազդանում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հավաքած ձայներից 1573-ով ավելի քվե է ստացել: Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 13 հազար 79 ընտրող, իսկ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն:

Վերջին տվյալներով ընտրություններին մասնակցել է 25 հազար 477 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 58 տոկոսը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ընտրությունների ընթացքը գնահատեց «նորմալ», մինչդեռ ընդդիմադիր թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը, դժգոհեց՝ պնդելով, որ Հրազդանում ընտրակաշառքներ են բաժանվել։

Երեկոյան ընդդիմադիր թեկնածուի շտաբում հայտնվել էին համատիրություններից «առգրավված» ցուցակներ։ Սասուն Միքայելյանի շտաբի պետ Հակոբ Ավագումյանը, ներկայացնելով այդ ցուցակները, հայտարարեց, թե դա վկայում է այն մասին, որ համատիրությունները զբաղվել են ընտրակաշառքներ բաժանելով։ Ավագումյանը ասաց, թե իրենք համաձայն չեն ընտրությունների նախնական արդյունքների հետ եւ ավելացրեց, որ Սասուն Միքայելյանի ներկայացուցիչները վերահաշվարկի դիմում չեն ներկայացնի, քանի որ դա անիմաստ են համարում։

Գործող քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրակաշառքների մասին պնդումները «հերյուրանքներ» որակեց։

Youtube կայքում, հիշենենք, տեղադրվել է Սասուն Միքայելյանի վստահված անձի եւ մի ընտրողի երկխոսության տեսագրությունը, որտեղ վերջինս բացահայտ կերպով խոսում է ընտրակաշառք ստանալու մասին:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ իրավապահները քննարկման առարկա են դարձրել այդ տեսանյութը:

«Միաժամանակ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում քննարկման առարկա է դարձել նաեւ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանի հայտարարությունը, ըստ որի 4 հազար կեղծ անձնագրերով քվեարկություն է տեղի ունեցել», - ասաց Տռուզյանը` հավելելով, որ նաեւ քրեական գործ է հարուցվել է ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի կապակցությամբ:

Ընտրությունների ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան ձայների հաշվարկի ժամանակ։ Մասնավորապես, հաշվարկի հենց սկզբին որոշ ժամանակով հոսանքազրկվեցին 25/3, 25/4 եւ 25/9 ընտրատեղամասերը։ Ընտրատարածքային հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախապես հոգացել են այդ մասին եւ մոմեր են բաժանել բոլոր ընտրատեղամասերում։

Ի տարբերություն իշխանական թեկնածուի, որը պնդում էր, թե ընտրությունները նորմալ են անցնում, Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները առավոտվանից բողոքում էին, որ կնիքներն արդեն թաց են եղել քվեարկության մեկնարկին:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը կտրականապես հերքեց դա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց. - «Առավոտյան որոշ կնիքներ թաց են եղել»:

Ուշագրավ փաստ արձանագրվեց թիվ 25/4 ընտրատեղամասում, որտեղ քվեաթերթիկների, դրանց ելունդների եւ ստորագրությունների թվի անհամապատասխանություն էր հայտնաբերվել․ գրանցված ստորագրությունների թիվը 1014-ն է, ելունդներինը՝ 1021, իսկ քվեաթերթիկներինը՝ 1026։ Ընտրատեղամասի նախագահ, Հանրապետական Մայիս Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց՝ «թյուրիմացություն է, փորձում ենք հասկանալ ինչ է եղել»։

Երեկ անցկացված ընտրությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` պահանջելով անվավեր ճանաչել բոլոր 39 համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG