Մատչելիության հղումներ

Հրազդանցիները դժգոհում են ընտրացուցակների անճշտություններից


Հրազդանի քաղաքապետի այսօրվա ընտրությանը, ընտրատեղամասերը փակելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի փոխանցած նախնական տվյալներով, մասնակցել է 25 հազար 395 մարդ՝ ընտրողների շուրջ 57 տոկոսը:

Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրողները դժգոհում էին ընտրացուցակների անճշտություններից։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, թիվ 12 ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Նարինե Ղազարյանը նույնպես դժգոհեց. – «Անցած ընտրություններին այդքան անճշտություն չի եղել, ինչ հիմա է, որ դուրս են մնացել»։

Ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով գնահատում ընտրությունների ընթացքը, հայտարարեց, որ հակառակորդ թիմի ներկայացուցիչները ընտրողներին դրամ են բաժանում։

YouTube կայքում տարածվել է Սասուն Միքայելյանի վստահված անձ Գուրգեն Եղիազարյանի եւ մի ընտրողի երկխոսության տեսագրությունը` ընտրակաշառքի մասին։

Գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը, պատասխանելով ընտրակաշառքների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե առաջին անգամ է լսում նման լուրեր։

«Այդ հերյուրանքները որ տարածվում է, կարող է իրենք են ինքնակաշառքներով զբաղվում», – նշեց Դանիելյանը։

Գործող քաղաքապետը «նորմալ, բավարար» գնահատեց անցնող ընտրությունները՝ փաստելով. – «Շատ մեծ ակտիվություն է ցուցաբերում մեր բնակչությունը ընտրությունների վերաբերյալ»։

Այսօր ընտրությունների ընթացքին հետեւել է նաեւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. – «Իշխանությունների խոստացած ազատ–արդար ընտրությունները դեռեւս չենք կարողանում տեսնել, որովհետեւ ե՛ւ ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել, առավոտյան որոշ կնիքներ թանաքոտված են եղել, ինչը նշանակում է, որ ոչ վաղ անցյալում այն օգտագործվել է եւ վստահված անձիք նույնիսկ պահանջել են որ թանաքի գույնը փոխվի։ Այն լցոնումները, բիրտ ուժի կիրառումը, որը նախկինում տեսնում էինք, այսօր, փառք Աստծո, չկա, բայց ընտրությունները հեռու են ազատ եւ արդար կոչվելուց»։

Ժամը 20-ին ընտրատեղամասերը փակելուց հետո կարճ ժամանակով հոսանքազրկվել էին երեք՝ թիվ 3, 4 եւ 9 տեղամասերը։


please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG