Մատչելիության հղումներ

Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է


«Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի պոստերը
«Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի պոստերը
Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը` «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» վերնագրով:

Կինոնկարը Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՊՀ մի շարք երկրներում եւ Եվրոպայում շրջագայելուց հետո եկավ Երեւան, ավելի ճիշտ այն Երեւան բերեց հայտնի դերասանի ու կատարողի որդին` Նիկիտա Վիսոցկին:

«Շատ բան է կապում հորս ձեր երկրի հետ, ես շատ կցանկանայի, որ ֆիլմն այստեղ վարձույթ ունենար, սակայն մենք կկազմակերպենք հեռուստատեսային ցուցադրություն, իսկ այսօրվա դիտումը եկեք համարենք «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի հայաստանյան պրեմիերան», - ասաց Նիկիտա Վիսոցկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վլադիմիր Վիսոցկու հոր երկրորդ կինը հայ է եղել, այդ իսկ պատճառով Վիսոցկին բավականին սերտ կապեր է ունեցել Հայաստանում, հաճախ այցելել է, հայ ընկերներ է ունեցել: Ֆիլմը իրական իրադարձությունների հիման վրա է նկարվել եւ պատմում է կինոյի եւ թատրոնի լեգենդար դերասանի կյանքի հինգ օրվա մասին: Գործողությունները տեղի են ունենում 1979 թվականի ամռանը` Ուզբեկստանի Բուխարա քաղաքում: Ռուսական КГБ-ն փորձում է վերջ տալ արտիստի կարիերային: Միաժամանակ Վիսոկցին լուրջ առողջական խնդիրներ ունի` թմրանյութեր է օգտագործում եւ նույնիսկ կլինիկական մահ է տանում: Վիսոցկու մասին հնարավոր ֆիլմերի մի քանի տասնյակ սցենարներ տեսած Նիկիտա Վիսոցկին պատմում է, որ այս ֆիլմի նկարահանումները հինգ տարի են տեւել: Նրա խոսքով` բարդ էր հատկապես ճիշտ դերասանի ընտրությունն ու կերպարը ճիշտ ներկայացնելը: Որպես Վիսոցկու դերակատար` ֆիլմի ռեժիսորն ու հեղինակները անգամ իր` Նիկիտայի թեկնածությունն են քննարկել:

«Մի քանի ամիս շարունակ ես սպորտով էի զբաղվում, բոքս պարապում, 7 լարանի կիթառ էի սովորում նվագել, նիհարում էի: Տարօրինակ էր, ինչ խոսք, շատ սխալ կլիներ, որ ես հորս դերը խաղայի: Դա լրիվ մարկետինգային քայլ կլիներ, որին կողմ էին ֆիլմի նկարահանումներին աջակցող ամերիկացի մասնագետները: Պատկերացրեք` Նիկիտա Վիսոցկին խաղում է իր հոր` Վլադիմիր Վիսոցկու դերը, բայց դա շատ սխալ կլիներ: Ես լավ դերասան եմ, հարգում եմ ինձ, բայց լրիվ այլ մարդ եմ», - ասաց Վիսոցկու որդին:

Ֆիլմի առեղծվածներից մեկը Վիսոցկուն մարմնավորող դերասանն է, ում ժամանակակից տեխնիկայի եւ դիմահարդարման հնարքները աննկարագրելի նման են դարձրել իր նախատիպին, եւ հեղինակները մինչ օրս էլ չեն բացահայտում դերասանի անունը:

«Վիսոցկին դա ձայն է: Առանց ձայնի Վիսոցկի գոյություն չունի, եւ երբ մենք արտաքին նմանության հասանք, տեսանք, որ այն դերասանի խաղացանկը, ով մարմնավորել էր հորս, ստիպում է հանդիսատեսին սկսել մի խաղ, որ կոչվում է գտիր 10 տարբերություն դերասանի եւ էկրանին մարմնավորած իր կերպարի միջեւ», - ասաց Նիկիտա Վիսոցկին:

Ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ Վիսոցկու դերում մեկ այլ հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովն է, թեեւ ֆիլմի առաջին րոպեներին Բեզռուկովը հայտնվում է մեկ այլ էպիզոդիկ դերում, որը կարծես թե միանգամից պետք է ցրի կասկածները, թե հենց նա է ֆիլմում մարմնավորել Վիսոցկուն:

Նիկիտա Վիսոցկին ասում է, որ ֆիլմի մասին բացասական կարծիքներ նույնպես եղել են, շատ են քննադատել տարբեր պատճառաբանություններով:

«Ֆիլմը լավը չէ, որովհետեւ թեման է շահարկվում, ֆիլմը լավը չէ, որովհետեւ Վիսոցկին այլ է եղել, երիտասարդությունը չի ընդունի եւ չի հետաքրքրվի ֆիլմով ու պատմությամբ, եւ ընդհանրապես ֆիլմն արժանի չէ, որ դուք դիտեք այն: Մոտավորապես այսպիսի կարծիքներ էին հնչում: Եվ մեր ֆիլմի հիմնական խնդիրն այն է, որ շատերը հենց այդպիսի տրամադրվածությամբ են գալիս ֆիլմը դիտելու ու այդպես էլ չեն կարողանում այն լիարժեք ընդունել եւ զգալ», - ասաց նա:

Ֆիլմն արդեն դիտել է մոտ 15 միլիոն մարդ: Ֆիլմի ընդհանուր բյուժեն 12 մլն դոլար է, իսկ հասույթը կազմել է 870 միլիոն ռուբլի (մոտ 30 միլիոն դոլար):

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG