Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄԱ. Կուսակցությունները սկսել են նախընտրական քարոզարշավը


Արխիվ -- ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաքում

Արխիվ -- ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաքում

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) արձանագրում է, որ նախընտրական քարոզչությունը սկսված է: Ակումբն այս եզրահանգման է եկել համապետական հեռուստաընկերությունների եթերի ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում:

ԵՄԱ-ի մոնիթորինգի խմբի ղեկավար Էլինա Պողոսբեկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ ընտրություններից առաջ սովորաբար կուսակցությունների ակտիվությունը մեծանում է: Դա, Պողոսբեկյանի խոսքով, արտահայտվում է տարբեր ակցիաների իրականացմամբ, այդ թվում եւ բարեգործությամբ:

«Անցկացվում են համերգներ, բժշկական օգնություն է տրամադրվում սոցիալապես անապահովներին, տարբեր տեսակի այլ օգնություններ են մատուցվում մարդկանց եւ այլն», - ասում է Պողոսբեկյանը:

ԵՄԱ-ի դիտարկումների համաձայն, նման քարոզչական նյութերը տեղ են գտնում գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում` որպես կանոն նույն օրը, նույն տեսաշարով, նույն տեքստով, ընդամենը լրագրողի ձայնն է տարբեր:

«Մի կողմից տպավորությունն այնպիսին է, որ դրանք լրագրողական նյութեր են, որովհետեւ հեռարձակվում են կոնկրետ հեռուստաընկերության լրատվական թողարկումներում, մյուս կողմից, երբ տեսնում ես, որ գրեթե բոլոր հեռուստաընկերություների եթերում այն միաժամանակ է հեռարձակվում, հասկանում ես, որ դա սեփական արտադրություն չէ, այլ այս կամ այն քաղաքական ուժի ակցիաների մասին պատմող հեռուստանյութեր», - ասում է Պողոսբեկյանը:

ԵՄԱ-ի ներկայացուցիչը շեշտում է, որ նախընտրական պաշտոնական քարոզչությունից առաջ ընկած ժամանահատվածը օրենքով չի կարգավորվում, որն էլ առիթ է տալիս քաղաքական ուժերին անցնել ոչ պաշտոնական քարոզչության, որտեղ մեծ տեղ են գրավում բարեգործական ակցիաները (պաշտոնական քարոզչության շրջանում բարեգործություն անելն արգելվում է Ընտրական օրենսգրքով):

Խորհրդանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ ժամանակ կա, ու այդ ընթացքում քաղաքական ուժերը տարբեր առիթներով բարեգործական ակցիաներ են անցկացնում: Օրինակ, Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) երիտասարդական թեւի անդամները շրջում էին Երեւանում ԲՀԿ-ի լոգոյով ավտոբուսով ու աղաբլիթ էին բաժանում անցորդներին:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, անդրադառնալով այս միջոցառմանը, ասաց, թե այն ամենեւին էլ նախընտրական երանգներ իր մեջ չէր պարունակում, դա ընդամենը տոն էր: Պատգամավորը հավաստիացնում է, որ ԲՀԿ-ն բարեգործություն չի իրականացնում, փոխարենը բարեգործությամբ զբաղված է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` անկախ այն հանգամանքից նախընտրական տարի է, թե` ոչ: Զոհրաբյանը, հարկ չհամարելով անուններ նշել, մատնանշում է այլ քաղաքական ուժերի, որոնց բարեգործությունները կրում են «սեզոնային բնույթ»:

«Ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքական ուժերի` «Գագիկ Ծառուկյան» հիմադրամի բարեգործական ծրագրերը սեզոնային բնույթ չեն կրում: Նրանք մշտական եւ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում սոցիալական այնպիսի խավեր կան, որոնք այս օժանդակության, այս ծրագրերի կարիքը ունեն: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» չի խախտել եւ չի խախտելու Ընտրական օրենսգրքով սահմանված որեւէ դրույթ», - ասում է պատգամավորը:

ԵՄԱ-ի մոնիթորինգի խմբի ղեկավար Էլինա Պողոսբեկյանը, անդրադառնալով կուսակցությունների ու դրանց առաջնորդների ստեղծած բարեգործական հիմնադրամներին, ասում է, որ այս դեպքում կուսակցություններն ու այդ հիմնադրամները նույնացվում են:

«Հեռարձակվող նյութերում շեշտվում է ոչ միայն բարեգործական կառույցի ղեկավարի անունը, այլեւ այն մասին, որ նա հանդիսանում է քաղաքական ուժի ղեկավար», - ասում է փորձագետը:

Անցած տարեվերջին, երբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կրթաթոշակ էր ուզում տրամադրել ուսանողներին, Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը թույլ չտվեց: Հանրապետական նախարարը ասել էր, թե «բուհերում արգելված է ցանկացած քաղաքական գործունեություն, այդ թվում` Հանրապետականի»: Մինչդեռ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ Հանրապետականի երիտասարդական կազմակերպությունը կրթաթոշակ տրամադրեց ռազմական ուսումնական հաստատությունների սաներին: Աշոտյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե դա նախընտրական քարոզարշավ չէ, եւ նախարարության հետ համագործակցության դեպքում այլ կազմակերպություններ եւս կարող են կրթաթոշակներ տրամադրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը, այս առիթով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտահայտելով իր կարծիքը, ասում է, որ քարոզչությունից դուրս ժամանահատվածը Ընտրական օրենսգրքով չի կարգավորվում, հետեւաբար այդ շրջանում քաղաքական ուժերի գործունեությունը ինքը չի կարող վերահսկել:

«ԿԸՀ-ն չի հանդիսանում կուսակցություններին կամ հասարակական կազմակերպությունների առօրյա գործունեության նկատմամբ ամենօրյա մոնիտորինգ եւ վերահսկողություն իրականացնող մարմին», - ասում է ասում է ԿԸՀ-ի նախագահը: :

«Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի բարեգործություններին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, թե «Կուսակցություների մասին» օրենքը հսատկորեն չի արգելում բարեգործություն կատարել, կուսակցություններն էլ օգտվում են դրանից:

«Այստեղ աստվածաշնչյան եզրույթն է աշխատում, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ձախն ինչ է անում: Այսինքն նվերն այնպես պետք է տաս, որ դա չհրապարակայնացվի», - ասում է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG