Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ, կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում հինգ տարի հետո Հայաստանում այլեւս անմշակ հողեր չեն լինի: Ըստ նախարարի` այս արդյունքին կհանգեցնեն «պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրվող աջակցությունները եւ Հայաստանի նախագահի` գյուղի զարգացմանն առնչվող հանձարարականները»:

Նման հայտարարություն Կարապետյանն արեց ուրբաթ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ խոսում էր գյուղատնտեսության ոլորտի անցած տարվա արդյունքների եւ նախարարության այս տարվա ծրագրերի մասին: Կարապետյանը հիշեցրեց, որ անցած տարի գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում աճել է 14.1 տոկոսով: Պարենային ապրանքների առանձին տեսակների գծով կա բավականին տպավորիչ աճ: Օրինակ, պտղի արտադրանքը ավելացել է 83.7 տոկոսով, բոստանային մշակաբույսերինը` 36.5 տոկոսով, իսկ հացահատիկային մշակաբույսերինը` 34.8 տոկոսով:

2012 թվականի ծրագրերից նախարարը նշեց գյուղատնտեսական կոոպերիատիվների ստեղծումը: Կարապետյանը ասաց, որ համապատասխան օրինագծերն արդեն Ազգային ժողովում են, եւ դրանց ընդունումը թույլ կտա ձեռնամուխ լինել նշված կոոպերատիվների ստեղծմանը: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում բելառուսական «Պրոմագրոլիզինգ» եւ ռուսական «Ռոսագրոլիզինգ» ընկերությունների հետ` լիզինգային նպաստավոր պայմաններով գյուղտեխնիկայի ներմուծումը Հայաստան իրականացնելու համար (պայմաններն են 6-8 տարի ժամկետ, տարեկան 4 տոկոս տոկոսադրույք):

Ըստ Կարապետյանի, այս տարի պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսությունների կտրամադրվի շուկայական գնից ցածր ազոտական պարարտանյութ` մեկ պարկը 6 հազար դրամ, որն իր մեջ ներառում է նաեւ տեղափոխման ծախսը, ինչպես նաեւ դիզվառելիք` մեկ լիտրի դիմաց գյուղացին կվճարի 350 դրամ (այսօր երեւանյան բենզալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի գինն 440-450 դրամ էր):

Գյուղնախարարությունը առանց մրցույթի է ընտրել «Ֆլեշ» ընկերությանը, որը եւ պետք է մատկարարի դիզվառելիը: Հարցին, թե ինչո՞ւ է այդպես կատարվել ընտրությունը, Սերգո Կարապետյանը պատասխանեց. - «Գնումների կազմակերպման գործընթացը շատ երկար է տեւում, 1-2 ամիս կտեւեր, եւ երկրորդ` մենք ընտրել ենք այն կազմակերպությանը, որը տարիներ շարունակ եւ հատկապես վերջին տարիներին ավելի մատչելի գներով եւ ավելի որակյալ դիզելային վառելանյութ է ներկրում: Բացի այդ ներկրողները այդքան էլ շատ չեն, 2-3 կազմակերպություն են, դրանցից մեկը պիտի լիներ»: Նախարարն ասաց, թե չի կարծում, որ այդ եղանակով ընտրություն կատարելով օրենք են խախտել կամ էլ որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում, երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարությունից գումար խնդրեց հայաստանյան մուտքի վիզաների լրացուցիչ խմբաքանակի տպագրման համար, հանձնարարեց հայտերը այսուհետ նախապես ներկայացնել` մրցույթով ձեռքբերումներ անելու համար:

Այսօր գյուղնախարարին նաեւ հետեւալ հարցը ուղղվեց` եթե անցած տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է ավելի քան 14 տոկոս աճ, իսկ մյուս կողմից էլ, պաշտոնական տվյալների համաձայն, նվազել է Հայաստանի բնակչության թիվը, ապա նախարարը ինչպե՞ս կբացատրի, որ անցած տարի պարենային ապրանքները թանկացել են 11.2 տոկոսով, չէ՞ որ եթե մթերքը շատացել է, իսկ մարդկանց թիվը նվազել, ապա գները պետք է իջնեն, ոչ թե աճեն: «Ընդհանրապես համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների բարձրացման միտում կա եւ ինչքան էլ արտադրության ավելանում են, գները չեն իջնում: Ամբողջ աշխարհում է դա այդպես, որովհետեւ արտադրության ծավալներին զուգահեռ մարդկանց թվաքանակը ավելի արագ է աճում, քան թե պարենային ապրանքների արտադրության ծավալները», - պատասխանեց նախարարը:

Մինչդեռ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ նշված թվերը, որոնք բոլորն էլ պաշտոնական են, ուղղակի վկայում են, որ գյուղատնտեսության ոլորտում, իրականում, ոչ մի աճ էլ չի եղել:

«Հացի արտադրությունը վերցնենք. հացամթերքը 34 տոկոսով ավելի է արտադրվել, իրենց ասելով եղել է ռեկորդային բերք, բայց հացի միջին գինը բարձրացել է 10-19 տոկոսով` իրենց իսկ թվերով: Ինչպե՞ս կարող ենք երկու բնական թիվ գումարել, գումարը ստացված այդ թվերից փոքր լինի: Կարելի՞ է երեքին գումարել չորս, եւ պատասխանը լինի ոչ թե յոթ, այլ երկուս: Բացարձակ բլեֆ է: Ավելին` գյուղմթերքների առեւտուրը նույն վիճակագրության համաձայն պակասել է 15 տոկոսով», - ասաց Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG