Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Շիրակի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ


Փետրվարի 12-ին Շիրակի մարզի 8 համայքներում կայանալիք համայնքապետերի ընտրություններում հատկապես թեժ պայքար է սպասվում Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքներում:

Նահապետավան, Պեմզաշեն եւ Գեղանիստ համայնքներում պայքարն ընթանալու է երկուական թեկնածուների միջեւ: Պեմզաշենում գործող անկուսակցական գյուղապետը մրցելու է ՀՀԿ-ական թեկնածուի հետ: Իսկ մյուս երկու գյուղերում մրցակցելու են անկուսականներն ու ՕԵԿ-ականները:

Տուֆաշեն համայնքում ընտրություններն արտահերթ են. նախկին գյուղապետի հրաժարական էր ներկայացրել:

Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման մարմինների վարչության պետ Կառլեն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց. - «Դիմում է գրել, որ առողջական վիճակի պատճառով խնդրում եմ ընդունեք իմ հրաժարականը… Բազմաթիվ թերություններ կան գյուղում, աշխատանքները կազմակերպված չեն: Ուսումնասիրություններից պարզվել է, որ կան նաեւ փաստաթղթային բազմաթիվ թերություններ»:

Այս համայնքում առաջադրված երեք թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են ներկայացրել, եւ այժմ գյուղապետի միակ թեկնածուն Արտակ Եգորյանն է (ՀՀԿ):

Ընդհանուր առմամբ մարզի 8 համայնքներում առաջադրվել էր 19 թեկնածու, քվեարկության կդրվեն, սակայն, նրանցից 13-ի անունները:

Թեկնածուներից ոմանց առաջադրումը ձեւական բնույթ էր կրում` կապված օրենքի պահանջի հետ. Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ համայնքապետի ընտրությունները կայացած չեն համարվում, եթե «գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից»:

Շիրակի մարզում119 համայնքներում ղեկավարների մեծամասնությունը ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը:

Կառլեն Աբրահամյանի փոխանցմամբ, մարզի համայնքներից 60-ը ղեկավարում են ՀՀԿ-ականները:


please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG