Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Երկու թեկնածուները կավարտեն իրենց նախընտրական հանդիպումներն ու կսպասեն հրազդանցիների քվեարկության նախնական արդյունքներին:

Թեկնածուներից յուրաքանչյուրը ընտրողների հետ հանդիպումներում հայտարարում է, թե Հրազդանի հաջորդ քաղաքապետը հենց ինքն է լինելու:

«Լսե՛ք, դո՛ւք, է՛յ, վերեւո՛ւմ, տասներկու տարի առաջ ես ձեզ թողեցի քաղաքապետարանը, խոստացա, որ հետ եմ վերադառնալու։ Իմացե՛ք` գալիս եմ մի քանի օրից», - հինգշաբթի օրը Հրազդանի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը:

Իսկ Հրազդանի գործող քաղաքապետ, Հանրապետական Արամ Դանիելյանը հիշեցնում է իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում:

«2002 թվականից սկսած լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Գարնանը սկսվելու են լայնածավալ շինարարական եւ ասֆալտապատման աշխատանքներ», - խոստանում է նա:

Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ քաղաքը կառավարելու փորձ ունեն: Արամ Դանիելյանը տասը տարի է, ինչ ղեկավարում է Հրազդանը: Ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանը Հրազդանը կառավարել է երեք տարի` 1996-1999 թվականներին: Երկուսն էլ հրազդանիցներին խոստանում են բարեկարգ քաղաք, արժանապատիվ կյանք:

Իշխանության թեկնածուն պնդում է` եթե իրեն այլընտրանք ունենար, ապա այս անգամ չէր առաջադրվի:

«Եթե տվյալ անձը [Սասուն Միքայելյանը] իր թեկնածությունը չդներ, ես իմը չէի դնեի, որովհետեւ կուզեի ավելի նոր մարդիկ լինեին: Եթե ինքը գալիս է, էս քաղաքում անկայունություն է տիրելու. ես չեմ ուզում իմ քաղաքում անկայունություն լինի, ընդհակառակը` ես քաղաքում չարված գործեր ունեմ, կուզենամ այդ գործերը ավարտեմ, նոր մարդ աճեցնենք, ով կկարողանա մտածել այս քաղաքի հոգսերի եւ բնակչության մասին: Այլընտրանք չկա, ես կիսատ գործեր ունեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Դանիելյանը:

Դանիելյանն ու նրան սատարող Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասում են, թե հրազդանցիներն իրենց քվեն Միքայելյանին չեն տա: Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Միքայելյանն իր քաղաքապետ եղած ժամանակ լավ չի աշխատել, «ուր մնաց, թե հիմա աշխատի»:

«Թող իր ընտրարշավի ժամանակ ամբիոնից բնակչության հետ խոսելու ժամանակ գոնե մի օրինակ բերի, թե ինքը այդ տարիների ընթացքում Հրազդան քաղաքի համար ի՞նչ է արել», - ասում էր մարզպետը:

Միքայելյան իր հերթին քննադատելով մրցակցին` թվարկում է նրա բացթողումներն ու ասում, որ հենց ինքն է Հրազդանում խնդիրներ լուծել, իսկ մարզպետն ու գործող քաղաքապետը աշխատել են միմիայն հարստանալու համար:

«Մեր քաղաքը սպեցիֆիկ քաղաք է եղել, իրենք պատկերացում էլ չունեն, թե Հրազդանն ինչ քաղաք է, որովհետեւ իրենք զբաղվել են այս տարիների ընթացքում հող ծախելով, այսինքն` հարստանալով, իրենց համար են աշխատել։ Իրենք չեն պատկերացնի` մարդ, որ 96 թվականին ստանձնել է էդ պաշտոնը, էդ դժվարին տարիներին, էդ չնչին բյուջեի դեպքում` 150 միլիոնի, ու կարողացել է ջեռուցում տա էս հզոր քաղաքին, էս բարձրահարկ շենքերին, ընդհանուր էս սեկտորը ապահովել է։ Եվ խմելու ջրի հարցը` բարձրահարկ շենքերի ջրի մատակարարման դեպքում մենք երկրորդ պոմպեր ենք միացրել, 300 միլիոն մենակ էլեկտրաէներգիայի գումար է գնացել, ես կարողացել եմ քաղաք պահել», - ասում է ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Իրենք երեւի պատկերացնում են` Միքայելյան Սասունը չի կարողացել աշխատել, որովհետեւ չի թալանել, չի գռփել, չի տարել` իրենց գաղափարի մեջ էդ է, իրենք ուրիշ բան չեն էլ կարող հասկանալ»։

Եթե գործող քաղաքապետը հրազդանցիներին խոստանում է կիսատ թողած գործերի շարունակություն ու նոր ծրագրեր, ընդդիմության թեկնածուն բարձրաձայնում է խախտումների ու ճնշումների մասին: Դանիելյանն ու Միքայելյանը, միմյանց քննադատելով ու միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, այսօր կավարտեն քարոզարշավը: Հրազդանցիները մի մասը կողմնակից է քաղաքապետի փոփոխմանը, մյուս մասը` դեմ, որոշ մարդիկ էլ կարեւորում են քաղաքի խնդիրների լուծումը, աշխատատեղերի ստեղծումը` առանց նախապատվությունը տալու որեւէ թեկնածուի:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG