Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության օրինագիծը` «հակասահմանադրական»


Հայաստան -- Զինծառայողները պարեկություն են իրականացնում Երեւանում, 2-ը մարտի, 2008թ.

Հայաստան -- Զինծառայողները պարեկություն են իրականացնում Երեւանում, 2-ը մարտի, 2008թ.

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կարծիքով, օրինագծի նպատակն է «վախեցնել» ժողովրդին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն ընդունելով` իշխանությունը փորձում է օրինականացնել բանակի օգտագործումը ներքաղաքական նպատակներով, իսկ դա հակասահմանադրական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա նման օրինագիծ ընդունվում, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Այն ապօրինությունները, այն բռնությունները, որ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել են 2008 թվականի մարտի 1-ին` Սահմանադրությանը հակառակ ներգրավելով զինված ուժերը, հիմա փորձում են հետին թվով օրինականացնել»:

Երկրորդ պատճառը, ըստ Լեւոն Զուրաբյանի, քարոզչական խնդիր լուծելու` իշխանության մղումն է: - «Իրենց հենց հիմա պետք է ցույց տալ ժողովրդին, իրենց սատարող քաղաքական հենարանին, որ պատրաստ են ինչ-որ ուժային գործողությունների, նաեւ բանակի կիրառմամբ, իշխանությունը պահելու նպատակով: Սա, իհարկե, զուտ քարոզչական միջոց է` հասարակությունը այլեւս նման բան թույլ չի տա: Այս հակասահմանադրական օրինագծի իմաստը հենց այդ քարոզչության մեջ է` հենց ժողովրդին վախեցնելու, ահաբեկելու նպատակով է», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Նախագծի վերաբերյալ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Չորեքշաբթի օրը նա խորհրդարանում հայտարարել էր, որ օրինագիծը իշխանություններին հնարավորություն է տալիս բանակն օգտագործել քաղաքական նպատակներով:

Արձագանքելով կառավարության հեղինակած այս օրինագծի վերաբերյալ քննադատություններին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին ԱԺ–ում ասել էր. - «Այդ ո՞ր դրույթն էր, որը անգամ կասկած առաջացրեց, որ բանակը քաղաքականացվում է: Որոշ ձեւակերպումներ են քննադատվում, որոնք ուղղակիորեն կրկնվում են Սահմանադրությունից»:

Բանակի գործառույթները սահմանվում են Սահմանադրությամբ



Իրավաբան Մուշեղ Շուշանյանը պնդում է, որ օրինագծի որոշ ձեւակերպումներ հակասում են Սահմանադրությանը:

«Նախագծի այն դրույթը, որը նախատեսում է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ եւ բանակին կարող են տրվել ոստիկանական գործառույթներ, հակասում է Սահմանադրության 8.2 հոդվածին, որը նախատեսում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց իրավաբան Մուշեղ Շուշանյանը:

Նախօրեին նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում էր, թե անհրաժեշտության դեպքում արտակարգ դրության պայմաններում ներգրավվելով, բանակը որպես բանակ հանդես չի գալու եւ կատարելու է ոստիկանության գործառույթները, եթե ոստիկանության ուժերը չբավարարեն:

Մինչդեռ իրավաբան Մուշեղ Շուշանյանը հակադարձեց, որ Սահմանադրության մեջ հստակ նախատեսված է, թե ինչ կոնկրետ գործառույթներ ունի բանակը եւ ոստիկանական գործառույթներ դրանցում չկան:

«Բանակը այլ գործառույթ իրականացնել` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն չի կարող: Օրենքով բանակին վերապահել այլ գործառույթներ` հակասահմանադրական է», - հայտարարեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG