Մատչելիության հղումներ

Երեւանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են


Օդանավակայանում չվերթները հետաձգվել են
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Հինգշաբթի օրվանից տեղացող առատ ձյունը մի շարք անհարմարություններ է ստեղծել վարորդների եւ ուղեւորների համար:

Այսօր Երեւանի Մյասնիկյան պողոտայով դեպի Նոր Նորք վարչական շրջան տանող ավտոճանապարհի կեսից ավտոմեքենաները կանգ էին առնում կամ ստիպված էին լինում փոխել ճանապարհը` ուղղություն վերցնելով դեպի Ավան վարչական շրջան: Քչերին էր հաջողվում հաղթահարել ձնածածկ ճանապարհը:

«Երեւի սպասում են ձյունը կտրվի, նոր մաքրեն ճանապարհը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարորդներից մեկը, ով իր իր ճանապարհին աղ ցանող մեքենաներ չէր տեսել:

Վարորդներն ասում էին` մեքենա վարելը համարյա անհնար է: Չմաքրվող ձյան առնչությամբ դժգոհում էին նաեւ կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիները: «Ազատություն» ռադիոկայանը այսօր Կենտրոն վարչական շրջանում նկատեց աղ ցանող միայն մեկ ավտոմեքենա: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բոլոր պատասխանատուները վարչական շրջանների տարածքում են եւ իրականացվում է փողոցների մաքրման աշխատանքները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ առատ ձյան պատճառով վաղ առավոտից դադարեցվել էին չվերթները Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում: Մինչեւ տեղական ժամանակով ժամը 14:00-ն հետաձգվել էր արտասահմանյան ավիաընկերությունների մոտ 32 եւ «Արմավիա» ավիաընկերության մոտ 13 չվերթ: Սակայն Երեւանի ժամանակով 15:45 րոպեին չվերթները երկու օդանավակայաններում էլ վերականգնվեցին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացնում են, որ այսօր մինչ 17:00-ն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, որի արդյունքում 3 մարդ վիրավորվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի պարզաբանմամբ, Հայաստանն այս պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած բավականին լուրջ ցիկլոնի ազդեցության գոտում:

«Ցիկլոնը հանրապետության տարածքում կմնա մինչեւ փետրվարի 11-ի գիշերվա առաջին կեսը: Գիշերվա երկրորդ կեսից ցիկլոնը աստիճանաբար կտեղափոխվի դեպի Կասպից ծով: Դա նշանակում է, որ մինչեւ փետրվարի 11-ի գիշերվա առաջին կեսը ներառյալ` հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները կդադարեն, իսկ արդեն երկրորդ կեսից արեւմտյան շրջաններում տեղումները կդադարեն, եւ դրանք կպահպանվեն միայն արեւելյան շրջաններում: Արդեն փետրվարի 12-ին արեւմուտքից կգտնվենք անտիցիկլոնի ազդեցության գոտում, եւ հանրապետության ողջ տարածքում փետրվարի 12-ին եւ 13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ», - ասաց Սուրենյանը:

Երեւանում ձյան տեղումները կշարունակվեն մինչեւ առաջիկա գիշերվա առաջին կեսը, իսկ գիշերվա երկրորդ կեսին օթերեւութաբանները կանխատեսում են տեղումների դադար:

«Ջերմային ֆոնը վաղը անփոփոխ կլինի, իսկ արդեն փետրվարի 12-ին` պայմանվորված եղանակի պարզեցմամբ եւ հյուսիս-արեւմուտքից արկտիկական ցուրտ օդի ներհոսքով, ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 7-12 աստիճանով, իսկ ցերեկը` 3-5 աստիճանով: Փետրվարի 13-ին կմնա անփոփոխ», - ասաց օթերեւութաբանը` միաժամանակ հուսադրելով, որ Եվրոպայում մոլեգնած սառնամանիքները Հայաստանին չեն սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG