Մատչելիության հղումներ

Կրկնակի քվեարկության փաստով հաղորդում է ներկայացվել ՀՔԾ


«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության կանչելու ակնկալիքով:

Թորոսյանի հաղորդման հիմքում ՀՀԿ-ական պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն երեկվա քվեարկության դեպքերն են: Հաղորդման մեջ Թորոսյանը հիշատակել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի անունները` նշելով, թե Ազգային ժողովի ղեկավարությունը չարաշահել է պաշտոնական լիազորությունները, կարգի չի հրավիրել կարգազանց պատգամավորներին:

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածի մասին Ռուբեն Թորոսյանը տեղեկացրել է նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, որին երեկ անդամակցեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը` մտահոգություն հայտնելով, թե խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախաշեմին «քաղաքական կոռուպցիայի տարածման աննախադեպ աստիճան է գրանցվում»:

Ազգային ժողովը, ուր ներկայացված են «Եվրոպայի ժողովրդական կուսակցության նորագիրներ հանդիսացող բոլոր երեք կուսակցությունները, շարունակում է ապաստան տալ ընտրական գողությանն ու քաղաքական խարդախությունները»:

«Այդպիսի կրկնվող մի դրվագ էլ տեղի ունեցավ ճիշտ այն օրը, երբ մտադրությունների ու սկզբունքների ընդհանուր հռչակագրին միացած երեք կուսակցություններին շնորհվեց ԵԺԿ դիտորդի կարգավիճակը», - ասված է «Ժառանգության» տարածած հայտարարությունում:

Ընդդիմադիր կուսակցության գնահատմամբ` խորհրդարանի ղեկավարությունը իր լռությամբ նույնպես «բացահայտ կեղծիքների մեղսակից է դարձել»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում պնդեց, որ իշխող կուսակցության ղեկավարը պետք է արձագանքի Ազգային ժողովում խախտումներով անցկացված քվեարկության արդյունքներին:

Մոտ մեկ տասնյակի հասնող օրինագծեր` այդ թվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» մեկ աղմուկ հանած նախագիծը, երեկ խորհրդարանում բացահայտ խախտումներով քվեարկվեցին: Վերջին օրինագիծն անցկացնելու եւ անհրաժեշտ թվով ձայներ ապահովելու համար մի շարք հանրապետականներ քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն:

Լարիսա Ալավերդյանը ֆիքսել էր այդ ամենը եւ պահանջել, որ խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը ճշտի, թե քանի պատգամավոր է ներկա դահլիճում: Նրա առաջարկը, սակայն, չընդունվեց, քվեարկությունները շարունակվեցին նույն ոգով:

«Առնվազն արձագանք պետք է լինի», - այսօր հայտարարեց Ալավերդյանը` շարունակելով. - «Ի վերջո, պատահական մարդիկ չեն նրանք, ովքեր կեղծարարությամբ են զբաղվում օրը ցերեկով, հասարակության աչքի առաջ: Եվ դա բոլորիդ աչքի առաջ է, դա թաքուն չէ: Թե ինչ է թաքուն արվում` ես թողնում եմ ձեր երեւակայությանը»:

Չնայած քվեարկությունը պատկերող տեսանյութ կա` Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարող ո'չ հաստատել եւ ո'չ էլ հերքել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը, բայց հակադարձեց «Ժառանգության» ներկայացուցչին, ով երեկ խմբակցության միակ ներկա պատգամավորն էր դահլիճում. - «Անհարգելի բացակայությունը ավելի այսպես կարգազանցություն է, քան պատգամավորը իր գործընկերոջ նկատմամբ քվեարկությունը»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ձեւակերպմամբ` «Հանրապետականը ուժ է` ուժի զոռով». - «Առաջին դեպքը չէ, իհարկե: Եղել են ավելի արտառոց վայրագություններ: Բայց փորձել հաղթահարել սեփական անզորությունը` 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելով, սա բնութագրում է ոչ միայն կոնկրետ սեղմողներին կամ նրանց ֆրակցիան: Սա ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում: Այսինքն, եթե դու նպատակիդ հասնելու համար կարող ես թքել եւ շրջանցել օրենքը, ինչո՞ւ պիտի ես հավատամ, որ դու արդար ընտրություն ես անցկացնելու Հայաստանում»:

Հանրապետական պատգամավորների երեկվա վարքագիծը այսօր քննադատեց «Բարգավաճ Հայաստան»-ը: Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Բալասանյանն ասաց. - «Մենք դատապարտում ենք եւ ասում ենք, որ բոլորը պետք է գան եւ քվեարկեն իրենց փոխարեն: Բայց երեկվա հետ կապված` այդ ընդհանուր շոուն, այդ սցենարները, չգիտեմ, այդ վեճ ու վիճաբանությունը անիմաստ էր»:

«Օրինաց երկիր»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը Հանրապետականին երեկ չօգնեցին: Կոալիցիայի անդամ այս երկու կուսակցություններն իրենց բացակա ընկերների փոխարեն չքվեարկեցին, ինչպես Հանրապետականը, եւ այսօր տեղի ունեցածը դատապարտում են:

Գալուստ Սահակյանը այդ կապակցությամբ ասաց. - «Ինչքան ընտրությանը մոտենանք, այնքան դանակավորները շատանալու են: Մենք գիտակցում ենք»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG