Մատչելիության հղումներ

logo-print

Սասուն Միքայելյան. «Այս տարի հավատի վերականգնման տարի է լինելու»


Սասուն Միքայելյանի նախըտրական հանդիպումներից մեկը, Հրազդան, 25-ը հունվարի, 2012թ.

Սասուն Միքայելյանի նախըտրական հանդիպումներից մեկը, Հրազդան, 25-ը հունվարի, 2012թ.

Հինգշաբթի օրը Հրազդանի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին սատարելու էին եկել նաեւ Կոնգրեսի անդամները:

Նրանք հրազդանցիներին կոչ էին անում կիրակի օրը անցկացվելիք ընտրություններում քվեարկել իրենց կամքով, որպեսզի հետագա տարիներին ապրեն առանց վախի:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հանրահավաքի ժամանակ իր ելույթում հիշատակեց նաեւ եղբորը` սպարապետ Վազգեն Սարգսյանին, հայտարարելով. - «Ես չգիտեմ` Վազգենը էսօր էստեղ ինչ կասեր, բայց ես հաստատ գիտեմ, որ ընտրություններից հետո Վազգենը կշնորհավորեր Սասուն Միքայելյանին»։

ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը հրազդանցիներին խնդրեց քվեարկել հանուն Հրազդանի լավ ապագայի։ «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ելքը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, եւ Սասուն Միքայելյանը կընտրվի Հրազդանի քաղաքապետ», - հայտարարեց Փաշինյանը։

Հանրահավաքին եկել էին նաեւ երեխաներ, որոնք Միքայելյանի նկարներով պաստառները վեր պահած, երկու ժամից ավելի ձմռան ցրտին կանգնած` վանկարկում էին հաղթանակի կոչեր:

Սասուն Միքայելյանը իր ելույթում հիշատակեց մրցակցի` Հրազդանի գործող հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանի ու Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թույլ տված խախտումներն ու ճնշումները հրազդանցիների վրա:

Միքայելյանը վստահ է, որ ինքն է դառնալու Հրազդանի հաջորդ քաղաքապետը: Նա հայտարարեց, որ վերադառնում է, որպեսզի պաշտպանի հրազդանցիների իրավունքները, վերացնի վախի մթնոլորտը: Բայց քաղաքապետ դառնալուց հետո աշխատանքից չի ազատի նրանց, ովքեր վախի մթնոլորտում մի կտոր հաց են վաստակում քաղաքապետարանում ու մարզպետարանում։

«Ես եկել եմ հենց էդ վախի մթնոլորտը հանեմ, ես եկել եմ վստահություն ներշնչեմ, ես եկել եմ ձեզ ասեմ, որ այս տարի հավատի վերականգնման տարի է լինելու», - հայտարարեց Հրազդանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն։

Բազմամարդ հանրահավաքը տեղի էր ունենում քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ գտնվում է Կոտայքի մարզպետարանի ու Հրազդանի քաղաքապետարանի շենքը: Դեպի շենքը նայելով` Միքայելյանը երբեմն խոսքն ուղղում էր մարզպետին:

«Լսե՛ք, դո՛ւք, է՛յ, վերեւո՛ւմ, տասներկու տարի առաջ ես ձեզ թողեցի քաղաքապետարանը, խոստացա, որ հետ եմ վերադառնալու։ Իմացե՛ք` գալիս եմ մի քանի օրից», - հայտարարեց նա։

Մարզպետն ու քաղաքապետը, այլոք Միքայելյանին մեղադրում են քաղաքապետ եղած ժամանակ վատ աշխատելու համար: Հանրահավաքից հետո Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ իրեն քննադատողներին: Նա հայտարարեց, թե մարզպետն ու քաղաքապետն են, որ աշխատել են միմիայն հարստանալու համար։

«Մեր քաղաքը սպեցիֆիկ քաղաք է եղել, իրենք պատկերացում էլ չունեն, թե Հրազդանն ինչ քաղաք է, որովհետեւ իրենք զբաղվել են այս տարիների ընթացքում հող ծախելով, այսինքն` հարստանալով, իրենց համար են աշխատել։ Իրենք չեն պատկերացնի` մարդ, որ 96 թվականին ստանձնել է էդ պաշտոնը, էդ դժվարին տարիներին, էդ չնչին բյուջեի դեպքում` 150 միլիոնի, ու կարողացել է ջեռուցում տա էս հզոր քաղաքին, էս բարձրահարկ շենքերին, ընդհանուր էս սեկտորը ապահովել է։ Եվ խմելու ջրի հարցը` բարձրահարկ շենքերի ջրի մատակարարման դեպքում մենք երկրորդ պոմպեր ենք միացրել, 300 միլիոն մենակ էլեկտրաէներգիայի գումար է գնացել, ես կարողացել եմ քաղաք պահել», - ասաց ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Իրենք երեւի պատկերացնում են` Միքայելյան Սասունը չի կարողացել աշխատել, որովհետեւ չի թալանել, չի գռփել, չի տարել` իրենց գաղափարի մեջ էդ է, իրենք ուրիշ բան չեն էլ կարող հասկանալ»։

Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Երկու թեկնածուներն էլ վերջին նախընտրական հանդիպումները կանցկացնեն, ինչին կհաջորդի լռության օրը. վաղը քարոզարշավն արգելված է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG