Մատչելիության հղումներ

Գորբաչով. «Պուտինն իրեն սպառել է»


Ռուսաստան - Միխայիլ Գորբաչովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում խոսում է Պետդումայի դեկտեմբերի 4-ի ընտրությունների նախնական արդյունքների մասին, Մոսկվա, 5-ը դեկտեմբերի, 2011թ.
Ռուսաստան - Միխայիլ Գորբաչովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում խոսում է Պետդումայի դեկտեմբերի 4-ի ընտրությունների նախնական արդյունքների մասին, Մոսկվա, 5-ը դեկտեմբերի, 2011թ.
«Պուտինն իրեն սպառել է»։ Հինգշաբթի օրը Մոսկվայի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

«Նրան հաջողվեց բավական շատ օգտակար գործեր անել, բայց այսօր, փաստորեն, Պուտինն իրեն սպառել է», - հայտարարեց Գորբաչովը։

Նրա խոսքով` Ռուսաստանում ծավալված բողոքի ակցիաները արդարացված են, քանի որ մարդիկ քաղաքականության արմատական փոփոխության ակնկալիքներ ունեն: Գորբաչովի կարծիքով, սակայն, Վլադիմիր Պուտինն ի վիճակի չէ արդարացնել մարդկանց սպասելիքները:

«Ես չեմ կարծում, որ նրան կհաջողվի փոխել քաղաքական կուրսը: Ավելի էական է, սակայն, այն հանգամանքը, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այլ ոչ թե աննշան զիջումներ», - համոզված է Գորբաչովը:

Խորհրդային Միության նախկին ղեկավարի խոսքով, սակայն, եթե Պուտինը հաղթի մարտի 4-ի նախագահական ընտրություններում, երկրում կրկին հուժկու բողոքի ակցիաներ են լինելու: «Բոլորն էլ փողոց դուրս կգան, եթե ընտրություններից հետո իրավիճակը չփոխվի», - նշեց Գորբաչովը:

Ուսանողներից մեկի հարցին էլ, թե որո՞նք են ստեղծված ներքաղաքական ճգնաժամից ելքերը, ԽՍՀՄ-ի նախկին նախագահը արձագանքեց. - «Միանշանակորեն անհրաժեշտ է ցրել Պետական դուման: Բացի այդ, հարկավոր է անցկացնել նահանգապետերի ընտրություններ»։

Միխայիլ Գորբաչովը չբացառեց նաեւ իր ակտիվ մասնակցությունը առաջիկա բողոքի ակցիաներին: «Ես պատրաստ եմ ղեկավարել, օրինակ, «Ընտրողների լիգա» կազմակերպությունը», - նշեց նա:

«Ընտրողների լիգան» ընդդիմադիր հայացքների տեր մի շարք հայտնի ռուս մտավորականների կողմից վերջերս ստեղծված շարժում է, որի նպատակն է ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը:

Կազմակերպության ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ Գորբաչովը կարող է անդամակցել, բայց ոչ` ղեկավարել Լիգան: «Ընտրողների լիգայում» ղեկավարի պաշտոն պարզապես նախատեսված չէ», - «Ւնտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է կազմակերպության հիմնադիրներից մեկը` լրագրող Սերգեյ Պարխոմենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG