Մատչելիության հղումներ

Գործարարները կրկին առաջադրվելու են


ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք պատրաստվում են գալիք ընտրություններում առաջադրել իրենց թեկնածությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու: Սակայն մեծամասնական ընտրակարգով նույն գործարարների առաջադրումը վարչապետը չբացառեց` ասելով, թե օրենքի շրջանակներում յուրաքանչյուրը կարող է առաջադրվել:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էին մոտ երկու տասնյակ խոշոր գործարարներ: ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ մարդկանց, արձագանքեց. - «Ամեն մեկը իր ոլորտում կաշխատի: Դա չի նշանակում, որ եթե մարդիկ պատգամավոր չեն, ուրեմն թիմի անդամ չեն»:

Հարցին, թե կարող են այդ գործարարները գալիք ընտրություններում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, Շարմազանովը պատասխանեց. - «Քանի որ վերջնական որոշում չկա, ձեռնպահ կմնամ ինֆորմացիա տալուց: Իսկ թե ում կառաջադրենք, ում կպաշտպանենք` դա ավելի հստակ կներկայացնենք մեր համագումարից հետո»:

«Դերժավա» եւ «Սլավ գրուպ» ընկերությունների սեփականատեր Արկադի Համբարձումյանն ընդգրկված էր ՀՀԿ-ի անցած ընտրացուցակում: Սակայն ընտրություններին մասնակցեց նաեւ մեծամասնական ընտրակարգով: Պատգամավոր, ի վերջո, դարձավ: Նախորդ` 2003-2007 թվականների խորհրդարանում նույնպես պատգամավոր էր` «Օրինաց երկիր» խմբակցության անդամ մինչեւ 2006 թվականի վերջը: Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Համբարձումյանը դուրս եկավ խմբակցությունից:

Արկադիր Համբարձումյանը ուզում է երրորդ անգամ առաջադրվել` մեծամասնական ընտրակարգով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է ուզում կրկին պատգամավոր ընտրվել, անցած տարիներին քանի անգամ է իր ընտրատարածքի խնդիրները բարձրաձայնել խորհրդարանում, Համբարձումյանն ասաց. - «Կարող եք հանել, նայել… Այս պահին հիմա կարող է երկար բան անենք… Խնդիրներ են լուծվել ընտրատարածքում, որ կարող եք հետաքրքվել, իմանալ, թե որ խնդիրներն են լուծվել»:

Համբարձումյանը «նորմալ է» վերաբերվում Հանրապետական կուսակցության` համամասնական ցուցակում խոշոր գործարարների չընդգրկելու որոշմանը: Հարցին, թե որն է տարբերությունը մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով ընտրվելու միջեւ, արձագանքեց. - «Մեծամասնականով տարածքներին տիրություն են անում»:

Ազգային ժողովի պատգամավոր Սերյոժա Աբրահամյանը («Օրինաց երկիր») Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք պատգամավոր եղբայրներից մեկն է: Զբաղվել է ադամանդագործական բիզնեսով: Աբրահամյան եղբայրները ներկայացված են կոալիցիայի անդամ բոլոր երեք խմբակցություններում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սերյոժա Աբրահամյանն ասաց, թե դեռեւս չգիտի` կլինի՞ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ:

Ըստ Սահմանադրության` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Խորհրդարանում այսօր ներկայացված պատգամավորները, սակայն, լուծել են այդ հարցը. նրանք իրենց ձեռնարկությունները հանձնել են հավատարմագրային կառավարման կամ դարձել են այդ ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նախագահներ` ցույց տալով, թե կառավարմանը չեն մասնակցում:

Հեղինե Բիշարյանի պնդմամբ` «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը եւս հնարավորինս զերծ կլինի գործարարներից` չբացառելով, որ վերջիններս առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:

«Քանի որ, եթե կան միջին եւ փոքր գործարարներ, օրենքի համաձայն, նրանք 15 օրվա ընթացքում հնարավորություն ունեն իրենց բիզնեսը տալ կառավարման եւ գալ Ազգային ժողով` առանց խնդիրների», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր»-ի փոխնախագահը:

Հարցին, թե արդյոք դա ընտրողին խաբել չի նշանակում, Բիշարյանը պատասխանեց. - «Ի վերջո, լավ գործարարը նաեւ շատ լավ կհասկանա, թե որ օրենքներում եւ որտեղ կան բացեր, որոնք կարելի է վերացնել` ի շահ այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք այսօր փակում են իրենց ձեռնարկությունները»:

Գործարարներ կան նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ում: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի փոխնախագահ Սամվել Բալասանյանը ասաց. - «Գործարարների ներկայությունն անհրաժեշտ է: Առանց տնտեսության մենք կարո՞ղ ենք այսօր ինչ-որ քայլեր կատարել»:

Դաշնակցության նախորդ համամասնական ցուցակում գործարարներ կային: Առաջիկա ընտրությունների համար, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը, դեռեւս որոշում չունեն:

«Պարզ է, որ պետք է ամեն դեպքում հարգվի այն պահանջը, որը Սահմանադրությունը հստակ դրել է` գործարարը չի կարող պատգամավոր լինել, եւ դա պետք է անպայման ապահովվի»:

Այսօրվա խորհրդարանում գործարարներ չկան միայն ընդդիմադիր «Ժառանգության» կազմում:

please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG