Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչները քննադատում են ԲՀԿ-ի բոյկոտած օրինագիծը


Հայաստանի -- ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը բանավիճում են «Հայելի» ակումբում, Երեւան, 09.02.2012
Հայաստանի -- ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը բանավիճում են «Հայելի» ակումբում, Երեւան, 09.02.2012

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես քննադատում են «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագիծը:

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագիծը, որը, հիշեցնենք, օրերս խորհրդարանում կոալիցիոն երկու գործընկերների` Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ բացահայտ տարաձայնությունների տեղիք էր տվել ու արժանացել ԲՀԿ-ի բոյկոտին, այսօր թեժ բանավեճի առարկա դարձավ նաև իշխող Հանրապետական կուսակցության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում:

Հիշյալ օրինագիծը նախատեսում է այս տարվա հուլիսի 1-ից քաղաքացիների միջեւ ապրանքների օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման` 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների իրականացում բացառապես անկանխիկ ձեւով: Կառավարության եւ իշխող Հանրապետականի ներկայացուցիչների պնդմամբ, օրինագիծը միտված է կոռուպցիայի նվազեցմանը, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» ժամանակավրեպ է համարում այն:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մասնավորապես նշել էր. - «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելը տեղին չեմ համարում: Մենք այս նախագծի ենթատեքստում տեսնում ենք մեկ բան` բանկային համակարգին բերել լրացուցիչ եկամուտներ: Մենք բացարձակապես չենք ցանկանում այստեղ տեսնել կոալիցիոն ինչ-որ տարաձայնություններ, մենք չենք ցանկանում խնդիրը քննարկել այդ դաշտում»:

Օրինագծի հետ կապված այս զարգացումները լայնորեն լուսաբանվեցին նաեւ մամուլում: Մասնավորապես, տեսակետներ էին շրջանառվում, թե այս օրինագծով կառավարությունը փորձում է վերահսկելի դարձնել կանխիկ ֆինանսական հոսքերը, ինչը որոշակիորեն ուղղված է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» դեմ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, թե քննարկվող օրինագիծն, անշուշտ, օգտակար է, սակայն, եթե այն կենսունակ է կայացած երկրների պարագայում, ապա Հայաստանի դեպքում դեռեւս ժամանակավրեպ է, քանի որ դեռեւս առկա չեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները, ուստի նման օրենքի պարտադրումն այժմ շատ սխալ է: Թադեւոսյանը եւս այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում. - «Քաղաքական ենթատեքստ է նաեւ, որ բանկերը լոբբինգի ճանապարհով փորձում են հասարակության ձեռքի տակ եղած ազատ դրամական միջոցները կենտրոնացնել իրենց ձեռքում»:

ՀԱԿ ներկայացուցիչը, սակայն, չի կարծում, թե օրինագիծն ուղղված է «Բարգավաճ Հայաստանի» դեմ:

«Այդ կուսակցության հարուստները շատ լավ գիտեն, թե որտեղ պահեն իրենց փողերն ու ինչպես տնօրինեն դրանք», - ասում է Թադեւոսյանն ու պնդում, որ այս պարագայում եւս գործ ունենք մանր ու միջին ձեռներեցությանը հարվածելու հետ. - «Ամբողջ խնդիրը գնում հասնում է հասարակ քաղաքացուն, որ ամեն մի գործարքի համար պետք է բանկ վազի: Հետեւաբար ամբողջ խնդիրը մանր ու միջին ձեռնարկատիրությանը նորից վնաս հասցնելն է: Ոչ թե մտածված, այլ որովհետեւ ուրիշ տեղից եկամուտ ստանալու, բանկերում փողեր կուտակելու հնարավորություն չկա, մնում է այս ճանապարհը»:

Չհամաձայնելով այս պնդումների հետ` Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը հակադարձում է, որ օրինագծի նպատակը ստվերային դրամաշրջանառությունը կասեցնելն է. - «Գիտե՞ք, թե ինչքան է կանխիկի ծավալը բանկերից դուրս Հայաստանի Հանրապետությունում: Եթե դոլարի վերածենք, միայն դրամը շուրջ 1 միլիարդ Միացյալ Նահանգների դոլար: Իսկ եթե հաշվենք, թե ինչքան է փողի բազայի մեջ, ապա, ես փետրվարի 7-ի տվյալը ձեզ ասեմ, 370 միլիարդ դրամ էր բանկերից դուրս կանխիկը, իսկ փողի բազայի մեջ կազմում էր 67 տոկոս, մինչդեռ, կայացած երկրներում այդ թիվը մոտ 10 տոկոս է»:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Հակոբ Հակոբյանը կտրականապես դեմ է պնդումներին, թե այդ օրինագիծը ԲՀԿ-ին հարվածելու թաքնված նպատակ ունի. - «Մեր երկրում այսօր 2 միլիոն 885 հազար մարդ է ապրում: Պայմանական` 110 հազարը գործարարներ են: Եվ այդ օրենքը միայն Բարգավաճի՞ն պիտի վերաբերեր: Նման բան չկա: Կոալիցիայում առճակատում չկա»:

ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, մինչդեռ, ԲՀԿ-ի վարքագիծը որակում է իբրեւ քաղաքական դեմարշ:

«Ինչ վերաբերում է օրենքին, ես «Բարգավաճ Հայաստանին» այստեղ ուզում եմ պաշտպանել: «Բարգավաճ Հայաստանը» օրենքի հետ կապված ճիշտ դիտողություններ ուներ, եւ կարծում եմ` օրենքը հիմա այս պահին եւ այս տեսքով ընդունելի չէ, եւ այնպես չէ, որ կառավարությունը կամ Հանրապետական կուսակցությունը շատ են մտածում, որ ստվերը վերացնեն: Այստեղ ուրիշ խնդիրներ կան», - ասաց Հովհաննիսյանը:

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով այս հարցին էր անդրադարձել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշելով, որ իրենք հարգանքով են մոտենում ԲՀԿ-ի իրենց գործընկերների տեսակետին` վարչապետն ասել էր. - «Որեւիցե առաջարկություն գրավոր կամ բանավոր չի հնչել Ազգային ժողովում, որ այդ օրինագծի այս կամ այն հոդվածը պետք է վերանայել: Դա նշանակում է, որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ եւ դա նշանակում է, որ մենք կքննարկենք այդ խնդիրը քաղաքական դաշտում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG