Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց գալիք խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելուն վերաբերող խորհրդարանական ընդդիմության առաջարկած մի շարք օրինագծերին:

Կառավարության նիստում հարցը ներկայացանում էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը. - «Նախագծերի փաթեթով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու հարցը, որը ըստ էության, գործնականում հնարավոր չէ լուծել, որովհետեւ առկա են մի շարք հիմնախնդիրներ»:

Այնուհետեւ Մուրադյանը ներկայացրեց կառավարության հիմնավորումները. - «Հայաստանի Հանրապետությունում, որպես կիսանախագահական կառավարման ձեւ ունեցող պետություն, համամասնականին զուգահեռ մեծամասնական ընտրակարգի առկայությունը հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակի նկատմամբ»:

«Հետեւաբար անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ», - շարունակեց Մուրադյանը: - «Գտնում ենք, որ այս փուլում այդ անցումը ժամանակավրեպ է: Կառավարությունը առաջարկում է փաթեթների քննարկումը համարել ոչ նպատակահարմար»:

Կառավարության նիստից հետո, երբ փոխնախարարը հանդիպեց լրագրողներին, նրան հիշեցրեցինք, թե ընդդիմությունը վստահ է, որ ընտրակեղծիքների մի զգալի մասը տեղի է ունենում հենց մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ժամանակ, եւ մեծամասնականով ընտրված գրեթե բոլոր պատգամավորները հարում են իշխանական խմբակցություններին:

«Ինչ վերաբերում է նրան, որ ավելի շատ են կեղծվում` որեւէ պատճառահետեւանքային կապ ընտրակարգի միջեւ եւ որոշակի ենթադրյալ կամ իրական կեղծքիների` չի կարող լինել: Ես չեմ հասկանում ուղղակի հարցի էությունը», - արձագանքեց փոխնախարարը` հավելելով. - «Այսինքն որեւէ ընտրակարգ չի կարող երաշխավորել ընտրական գործընթացի արդյունավետությունը, թափանցիկությունը»:

Հարցին, թե կարող է նշել գոնե 5 օրինակ, երբ մեծամասնականով անցել են ընդդիմադիր պատգամավորներ, Մուրադյանը արձագանքեց. - «Դժվարանում եմ օրինակ նշել, երբ անցել են ընդդիմադիր պատգամավորներ, բայց ես կարող եմ օրինակներ նշել, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են անվավեր»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` չնայած կառավարության բացասական եզրակացությանը, հարցը այնուամենայնիվ քվեարկվելու է Ազգային ժողովում, քանի որ խորհրդարանաի կանոնակարգի համաձայն` ընդդիմադիր խմբակցություններից մեկը իրավունք ունի տվյալ նստաշրջանի ժամանակ քվեարկության ներկայացել մեկ հարց, որին դեմ է մեծամասնությունը: Նախորդ նստաշրջանում այդ իրավունքը ՀՅԴ-ինն էր, այս նստաշրջանում` «Ժառանգությանը», եւ փետրվարի 28-ին «Ժառանգություն»-ը հարցը դնելու է քվեարկության:

Մարտիրոսյանը համարում է, որ ներկա կառավարությունը հանդիսանում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցնող օլիգարխների շահերի պաշտպանը. - «Եվ պատահական չէ, որ այսօր բոլոր օլիգարխները, ըստ էության, իշխանության կողքին կանգնած են կամ իշխանության կրող են»:

«Զարմանալի կլիներ, եթե կառավարությունը դրական եզրակացություն տար, որովհետեւ կառավարությունը քաղաքական մեծամասնության` հատկապես Հանրապետական կուսակցության կառավարությունն է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG