Մատչելիության հղումներ

Վարչապետը կարեւորել է մամուլի ազատությունը


Վարչապետ Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը մինչեւ կառավարության նիստը սկսելը անդրադարձավ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցին, որում 2010-ի համեմատ Հայաստանը 24 նիշով բարելավել էր դիրքերը կազմակերպության մամուլի ազատության տարեկան վարկանիշային աղյուսակում:

Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` սա լուրջ առաջընթաց է:

«Սա նաեւ բավականին լուրջ քաղաքական գնահատական է: Կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից արված այն քաղաքական հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունում չորս տարի է ինչ ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, այդ գործում, իհարկե, էական դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության ազատ մամուլը։ Մենք դեռեւս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում», - ասաց նա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության արմատներ առհասարակ չկան:

«Եթե քաղաքացիական հասարակություն կոնկրետ իրավիճակում, կոնկրետ օրվա, շաբաթվա մեջ կա, դա չի նշանակում, որ մի տարի հետո լինելու է: Եթե մի տարի հետո քաղաքացիների ամբողջությունը սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները իրագործելու հնարավորություն չունի, այսինքն իշխանություն ձեւավորվելու ազատ ընտրություն, այդ քաղաքացիական հասարակությունը կա, թե չկա, դրանից ի՞նչ է փոխվում», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է արձանագրված առաջընթացին, ապա «Հայկական ժամանակ»-ի խմբագրի կարծիքով, միջազգային կազմակերպությունների գնահատականները միշտ չէ, որ արտահայտում են Հայաստանում առկա իրողությունները: Մատնացույց անելով իր թերթի դեմ հարուցված դատական գործերը եւ գանձված միլիոնավոր դրամները` Փաշինյանը հեգնեց, թե առաջընթաց եղել է միայն մամուլի դեմ օրենքներ ընդունելու ոլորտում:

«Եվ գործադիր, եւ օրենսդիր, եւ դատական իշխանությունը մամուլի դեմ են գործում: Ոստիկանական օպերացիա են կազմակերպում լրագրողին բանտարկելու համար. Ի՞նչ առաջընթացի մասին խոսքը: Մամուլը դիպուկահարի թիրախում գտնվող սուբյեկտի կարգավիճակում է: Եվ այդ թիրախի վիճակում գտնվող սուբյեկտի առաջընթացի մասին խոսելը ծիծաղելի է», - ասաց խմբագիրը:

Վերլուծելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զելույցը` վարչապետն այսօր հայտարարեց, թե կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում բոլոր միջազգային ցուցիչները, որոնք բնութագրում են Հայաստանը` արձանագրելով, թե խնդիրները, թե ձեռք բերված հաջողություննեը:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի այսօրվա հայտարարությունը նախընտրական բնույթի գնահատեց:

«Էլի ինչ-որ նախընտրական վիճակում արձանագրել մի առաջընթաց, որպեսզի հետագայում այդ առաջընթացի արձանագրումը ազդի ընտրությունների դրական գնահատականի վրա, որովհետեւ ընտրությունները ոչ միայն քվեարկություն են, այլեւ նախապատրաստական, քարոզչության շրջանը, եւ այդ շրջանում միջազգային դիտորդները, բնականաբար, կարեւորում են մամուլի ազատությունը եւ հավասար մատչելիությունը տարբեր լրատվամիջոցներին, տարբեր քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմությանը», - ասաց Աբրահամյանը:

Այնուամենայնիվ, «Առավոտ»-ի խմբագիրը համաձայն է, որ ինչ-որ չափով առաջընթաց կարելի է արձանագրել:

«Ոչ այնքան իշխանություններն են ավելի լայնախոհ եւ հանդուրժող դարձել, որքան զարգացել են ինտերնետային լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը եւ դրա միջոցով այլեւս չկա հեռուստատեսության մենաշնորհը` որպես միակ լրատվամիջոցը, որն ամենամատչելին է մեր բնակչությանը», - ասաց Աբրահամյանը:

«Առավոտ»-ի խմբագիրը, սակայն, նաեւ հիշեցնում է, որ այսօր ինտերնետից օգտվում է հասարակության լավագույն դեպքում 30 տոկոսը, եւ լրատվության հիմնական աղբյուրը շարունակում է մնալ հեռուստատեսությունը:

«Հեռուստաընկերությունները շարունակում են մնալ նախագահական նստավայրի կարծր վերահսկողության տակ, այնպես որ ես չէի ցանկանա բացարձակացնել այդ նվաճումները», - շեշտեց խմբագիրը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականներին օրերս բացասական արձագանքեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի ղեկավար Աշոտ Մելիքյանը տարակուսանք հայտնեց, թե թերթերի դեմ հարուցվող տասնյակ դատերի ֆոնին ի՞նչ դրական շարժ կարող էր նկատվել:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG