Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը մեկնարկում է Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը:

Տասն օրերի ընթացքում կներկայացվի շուրջ 400 ֆիլմ` գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ ` մրցութային եւ արտամրցութային ծրագրերով: «Ոսկե արջ» մրցանակին այս տարի 18 ֆիլմ է հավակնում:

Այս տարվա Բեռլինալեն աչքի է ընկնում պատմական ֆիլմերով, դրանցից մեկը` ֆրանսիացի ռեժիսոր Բենուա Ժակոյի «Մնաս բարով, իմ թագուհի» ֆիլմը հենց կբացի փառատոնը: Ֆիլմի սյուժեն հյուսվում է Վերսալի սպասավորների հուշերի վրա, առանցքում` Մարի Անտուանետի սպասուհու պատմությունն է, ում պարտականությունն էր թագուհու համար գիրք կարդալը: Մարի Անտուանետին ֆրանս - իսպանական այս ֆիլմում մարմնավորել է Դայանա Քրյուրգերը: Փառատոնին ցուցադրությունը լինելու է ֆիլմի համաշխարհային պրեմերան:

Ժյուրիի կազմում այս տարի կլինի իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, ում «Ամուսնալուծություն» ժապավենը իր հաղթարշավը սկսեց անցյալ տարի հենց Բեռլինի փառատոնում գլխավոր մրցանակին արժանանալուց հետո:

Փառատոնի պատվավոր հյուրը կլինի Մերիլ Սթրիփը, նա կստանա նաեւ պատվավոր «Ոսկե արջ» մրցանակը կինոաշխարհում իր ներդրման եւ «Օսկար»-ի հավակնորդ «Երկաթե տիկինը» ժապավենի համար։ Կինոնկարը, որում նա մարմնավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերին, կցուցադրվի Բեռլինալեի ընթացքում։ Սպասվում է նաեւ դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

Կինոքննադատ Ջեյ Վայսբերգը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերի մի ստվար հատվածը երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ են, ռեժիսորներ, ովքեր մինչ փառատոնին մասնակցելը միայն մեկ կամ երկու ֆիլմ են նկարահանել. սա նշանակում է` Բեռլինալեն, որը հայտնի է եւ այլ կինոփառատոններից տարբերվում է իր համեմատաբար կոնսերվատիվ ծրագրով, փորձում է ավելի արդիական դառնալ:

Այնուամենայնիվ, Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ջեյ Վայսբերգն ասում է, որ ընդհանուր առմամբ հիացած չէ մրցութային ֆիլմերի այս տարվա ընտրությամբ, չնայած դրան` հույս ունի, որ գուցե էկրանին ֆիլմերը արդարացնեն իրենց:

Արդյո՞ք այս տարվա Բեռլինալեն նոր անուն կհայտնագործի, ինչպես որ անցյալ տարի Ֆարհադիի «Ամուսնալուծություն» ժապավենի դեպքում էր` ոչ ոք չգիտի։ Այնուամենայնիվ, վերջին 5 տարիների ընթացքում ֆառատոնի գլխավոր մրցանակին արժանացած ֆիլմերի ցանկում միայն «Ամուսնալուծություն»-ն էր, որի նկատմամբ հետաքրքրությունը մրցույթից հետո չմարեց:

Կինոփառատոնի հատուկ ծրագրում կցուցադրվի նաեւ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը` «Արյան եւ մեղրի երկրում» ֆիլմը, որը ներկայացնում է Բալկանյան պատերազմի ընթացքում ծավալվող սիրո մի պատմություն: Սիրահարները ֆիլմի ընթացքում հայտնվում են բարիկադների տարբեր կողմերում:

Մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերից քննադատները առանձնացնում են Բրիլյանտե Մենդոսի «Գերին» ֆիլմը` ֆրանս - գերմանա - ֆիլիպինյան համատեղ աշխատանք։ Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, սյուժեն ներկայացնում է իսլամիստների գերության մեջ հայտնված եվրոպացի զբոսաշրջիկների պատմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG