Մատչելիության հղումներ

Փետրվարի 9-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընտրությունները փորձություն են բոլորիս համար՝ իշխանության, ընդդիմության, ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, ընդհանրապես՝ հասարակության: Նա, ով այս փորձությունից պատվով դուրս կգա, չի կորցնի իր դեմքը, փառք ու պատիվ նրան: Կկարողանա՞ իշխանությունը ձեռնպահ մնալ կեղծիքներ անելու գայթակղությունից, երբ նման հարուստ փորձ ու մեխանիզմներ կան ձեւավորված: Կհանդգնե՞ն արդյոք ընտրական հանձնաժողովների անդամները դիմադրել կեղծիքներ անելու պահանջներին եւ հրաժարվել փող աշխատելու այդ պղտոր ու մեկանգամյա հնարավորությունից: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն արժանապատիվ պայքար ծավալել՝ ոչ թե հիստերիկ ճղճղոցների, այլ կազմակերպված ու կուռ համակարգի միջոցով: Դժվար է ասել: Երեկ իմ կողմից խիստ հարգելի մի անձնավորություն հետաքրքիր դիտարկում արեց Հայ ազգային կոնգրեսի մասին: Ասաց՝ սա փողոցային պայքարի համար ստեղծված համակարգ է, ընտրությունները սրա համար նույնն են, ինչպես գետնախորշում ապրող վիշապին լույս ցույց տաս: Չի բացառվում, որ «լույսից» նրա բոլոր զգայարաններն ու ամբողջ համակարգը քայքայվեն»:

«68 ժամ»-ի հետ զրուցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողը հարցնում է. - «Վիճակագրական ծառայությունը հրապարակեց վերջին մարդահամարի նախնական տվյալները, որի համաձայն` նախորդ մարդահամարի համեմատ` մոտ 170 հազար մարդ ՀՀ-ից հաստատապես հեռացել է»: Պատասխան. - «Ցանկացած հայ մարդ, ընտանիք, եթե լքում է հայրենիքը, մեզ համար անընդունելի է: Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀ-ից արտագաղթ չլինի: Բայց միեւնույն ժամանակ` կարող ենք ասել, որ եթե համեմատենք անկախության առաջին 10 տարիների հետ, կտեսնենք, որ արտագաղթը կտրուկ նվազել է: Իսկ ինչ վերաբերում է վերջին 5 տարիների դինամիկային, տեսնում ենք, որ ճգնաժամն այդ առումով ստեղծեց բացասական ֆոն եւ խթանեց արտագաղթը: Իսկ ճգնաժամի հաղթահարումը սկսեց նվազեցնել արտագաղթի տեմպը»:

«Հայոց Աշխարհ»-ը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները շարունակում են մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ կոալիցիոն ձեր դաշնակցի բոյկոտը այդ հարաբերությունների վրա»։ Պատասխան. - «Երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն, առանց այդ մասին պատշաճորեն հայտարարելու, չի մասնակցել քվեարկությանը, ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, գլխադասային հանձնաժողովի նախագահը, Հանրապետական այլ պատգամավորներ, նաեւ ես հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումն ու գնահատականը: Մենք մեկ անգամ եւս պարզորոշ ապացուցեցինք, որ Հանրապետականը գործի կուսակցություն է, իրատեսական գործունեություն է ծավալել եւ իրական բարեփոխումներ է ցանկանում իրականացնել։ Իսկ մեր կոալիցիոն գործընկեր կուսակցության գործունեությունը հարկ չեմ համարում մեկնաբանել: Կարծում եմ, ԲՀԿ-ն, եթե նման անհրաժեշտություն զգա, կարող է հետեւություններ անել ու որոշել, թե ինչ շահեց: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ քաղաքական բոյկոտից միշտ տուժում է բոյկոտող ուժը»:

Նույն հարցի շուրջ «Երկիր» թերթին հարցազրույց է տվել Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Լրագրողը հարցնում է. - «ԱԺ վերջին նստաշրջանն սկսվեց կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածությամբ: Ինչ եք կարծում, տարաձայնությունները գաղափարակա՞ն են, թե՞ պայմանավորված են միայն մոտեցող ընտրություններով»: Պատասխան. - « Կարծում եմ, միայն ընտրություններով է պայմանավորված, որովհետեւ քաղաքական, գաղափարական եւ այլ տիպի էական տարակարծություններ ես, այնուամենայնիվ, չեմ տեսնում: Ի վերջո, քաղաքական որոշման հարց էր, եւ եթե կոալիցիայի մասին հիշողությունս ինձ չի դավաճանում, նման որոշումները միասին են կայացնում: Այսինքն, եթե մեկը համաձայն չէ, պետք է այդ մասին տեղյակ պահի, կոալիցիոն աշխատանքի կանոնները դա են թելադրում: Բայց մյուս կողմից, ես բոլորովին չեմ հասկանում հանրապետականներին, որոնք պնդում են, թե այս օրենքը հակակոռուպցիոն բնույթ ունի եւ իրենք հակակոռուպցիոն պայքարի հիմնական ուժն են: Դա այդպես չէ, որովհետեւ հանրապետականները իշխանության մեջ են առնվազն 17 տարի, եւ այս տարիների ընթացքում որեւէ հակակոռուպցիոն գործ չի արվել»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ի վերջո, որեւէ վատ բան չկա, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն: Հակառակը, հասարակությունը նույնիսկ կարող է շահել դրանից: Խնդիրն այս դեպքում այն է, որ վերադառնալով քաղաքականություն, հրապարակավ անելով այդ բանը, Ռոբերտ Քոչարյանը կկանգնի հասարակության առաջ եւ մեղմ ասած` ստիպված կլինի պատասպան տալ իր նախագահության տարիներին տեղի ունեցած ամեն ինչի համար: Հասարակությունը կստանա նրան ուղղակի եւ կոնկրետ հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ստիպված կլինի մեկ առ մեկ պատասխանել իր նախագահության տարիների անցուդարձի մասին` սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ մարտի 1, տնտեսությունից մինչեւ արտաքին քաղաքականություն: Օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը պատճառ դարձավ, որ նա պատասխանի իր նախագահության տարիների մասին հարցերին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG