Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` ոստիկանությունից հաստատեցին այսօր մամուլում հայտնված տեղեկությունները, որ Կոտայքի մարզում քրեական գործ է հարուցվել «ԱրմենՏել», «ՎիվաՍելլ» եւ «Օրանժ» ընկերությունների բաժանորդների տվյալների ապօրինի ձեռք բերման փաստի առթիվ:

Ոստիկանության լրատվության բաժնից փոխանցեցին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` մանրամասներ չեն կարող հաղորդել: Միայն հայտնի է, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 254 եւ 256 հոդվածներով` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը եւ վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը: Ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:

Մինչդեռ մամուլն այսօր գրել էր թե, օպերատորների բազայում գտնվող բոլոր հեռախոսահամարները գողացել են ինչ-որ երիտասարդներ ու վաճառելով հաջող բիզնես են արել:

«Օրանժ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարիտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ բաժանորդների տվյալների անվտանգությունը եւ գաղտնիությունը իրենց ընկերության բիզնես պատասխանատվության հիմնասյուներից է եւ բացառեց տվյալների արտահոսքը. - «Ուղղակի անհնար է: Եվ նման դեպք չի գրանցվել: Ինչ վերաբերում է տվյալների հանրայնացման հետ կապված տեղեկություններին, ապա այդ փաստի եւ դրան վերաբերող հանգամանքների քննությունն արդեն կիրականացնեն իրավասու մարմինները»:

Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ ճանապարհով կարող էին «Օրանժ»-ի տվյալները հայտնվել ցուցակներում, որոնք շրջանառվում են համակարգիչներում` հավելելով. - «Եթե փաստը իսկապես հաստատվի, դա շատ մտահոգիչ է»:

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը եւս կտրականապես բացառեց, որ իրենց ընկերությունից է տվյալների արտահոսք եղել:

Բեղլոյանի խոսքով, «ԱրմենՏել»-ի անվտանգության համակարգը գործնականում այդպիսի հնարավորություն չի տալիս. - «Ամեն կոճակ սեղմելը մեզ մոտ գրանցվում է: Եվ նույն րոպեին մենք գիտենք, թե ով որտեղից եւ երբ դիմել է կամ փորձ է կատարել ներբեռնել բաժանորդների բազան: Այնպես որ, հնարավոր չէ, որ որեւէ մեկը, առանց «ԱրմենՏել»-ի համակարգում գրանցվելու, այդ բազան որեւէ ձեւով արտահանի դուրս»:

«ԱրմենՏել»-ի ներկայացուցչի փոխանցմամբ, իրենց բաժանորդների տվյալների բազան ինտերնետին միացված չէ, ուստի հակերային միջամտությունը բացառված է:

«Որեւէ մեկը «ԱրմենՏել»-ի աշխատակիցներից` ներառյալ գլխավոր տնօրենը, չի կարող դիմել բաժանորդների բազային, առավել եւս` դա ներբեռնել», - հավելեց Բեղլոյանը:

«ՎիվաՍելլ» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ճիշտ չեն համարում որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ, քանի որ գործով իրավապահներն են զբաղվում:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամենամեծ հավանականությունն այն է, որ հենց ընկերությունների աշխատակիցներն են դուրս բերում տվյալները:

Փորձագետը վկայակոչում է «Անհատական տվյալների մասին» օրենքը, որը արգելում է նմանատիպ ինֆորմացիայի տարածումը. - «Ամբողջ աշխարհում անընդհատ նմանատիպ բաներ լինում են, որովհետեւ միշտ հետաքրքրվողներ կան այդ տեղեկատվությունը ունենալու եւ միշտ կան մարդիկ, որոնք կարող են գողանալ, տարածել»:

Մասնագետի կարծիքով, Հայաստանում այս խնդիրը համատարած է եւ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գնալով վիճակը վատանում է: Մանավանդ որ, ըստ Սամվել Մարտիրոսյանի, հաճախ քաղաքացիները իրենք չեն էլ կռահում, որ իրենց անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված է. - «Կարելի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից իմանալ յուրաքանչյուր մարդու հասցեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանում բջջային հեռախոսահամարները վաճառվում են միայն անձնագրի առկայությամբ: Նախկինում վաճառված համարների տերերը ստիպված եղան գրանցել հեռախոսահամարները, հակառակ դեպքում դրանք արգելափակվում էին: Այսինքն` տվյալների այս բազայով հիմա հնարավոր է պարզել, թե բջջային հեռախոսահամարը ում է պատկանում, ճշտել նրա բնակության հասցեն եւ անձնագրային տվյալները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG