Մատչելիության հղումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան (ձ) եւ IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեք
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան (ձ) եւ IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեք
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջեւ այսօր ստորագրված պայմանագրով նախատեսվում է 1.9 միլիոն դոլար դրամաշնորհի տրամադրում Հայաստանի կառավարությանը:

IFC-ի տրամադրած գումարը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, նախատեսվում է ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար:

«Այս համաձայնագրի շրջանակներում նախատեսված են չորս ուղղություններ` առաջինը հարկային վարչարարության փոփոխություններն են, երկրորդը` արտահանման եւ ներմուծման գործընթացների աջակցությունն է, երրորդը` տեսչական բարեփոխումները եւ չորրորդը` որակի եւ սննդի անվտանգության խնդիրներն են», - հայտարարեց նախարարը:

IFC-ն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի կառավարության հետ եւ նախկինում իրականացրել է մեկնարկային բիզնեսը խթանող հարկային եւ մաքսային դաշտի բարեփոխումներին առնչվող ծրագրեր: Կորպորացիան անմիջական ներդրումներ է իրականացնում հայաստանյան բանկային եւ հանքարդյունաբերության ոլորտներում:

Ըստ Դավթյանի` IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

«Օրենսդրության փոփոխությանն է, իրենց մասնագետների մասնակցությունը, այդ համակարգերի տեխնիկական վերազինումը, ստուգման համակարգերի ներդրումը, մեր մասնագետների վերապատրաստումն է նաեւ դրա մեջ մտնում», - թվարկեց Դավթյանը:

IFC-ի կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքի խոսքով, ծրագրի հիմնական նպատակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ներդրումային միջավայրի բարելավումն է: Լյուբեքի գնահատմամբ` Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, եւ դրա ապացույցն այն է, որ բիզնես միջավայրի բարելավման առումով Հայաստանը 6 քայլով առաջ է շարժվել:

«IFC-ն միշտ եղել է եւ պատրաստ է հետայսու եւս լինել Հայաստանի կառավարության գործընկերը այս ուղղություններով աշխատանքներում, քանի որ հենց փոքր ձեռնարկատերերն ու բիզնեսներն են, որոնք երաշխավորում են երկրի տնտեսության աճն ու զարգացումը», - ասաց նա:

«Դիլնետ սերվիս» հասարակական կազմակերպությունը ժամանակին համագործակցել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ: Կազմակերպության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին երկու տարիներին ՓՄՁ ԶԱԿ-ը ֆինանսական խնդիրների պատճառով ոչինչ չի անում: «Դիլնետ սերվիս»-ի իրականացրած ուսումնասիրության համաձայն` միայն Տավուշի մարզում 2009 թվականից մինչեւ 2011 թվականը միասին վերցված ստեղծվել են այնքան թվով ձեռնարկություններ, որքան 2008 թվականին:

«Իսկ գործող ձեռնարկությունները այս ընթացքում մոտ 20-25 տոկոսով պակասել են: Էկոնոմիկայի նախարարությունն ուզում է, որ բիզնեսը զարգանա եւ որոշակի քայլեր է ձեռնարկում, բայց անզոր է Պետեկամուտների կոմիտեի դեմ, որը հարկահավաքության պրոցեսը այնպես է կազմակերպում, որ բիզնեսը այսօր պարզապես քանդվում է», - ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ մարզի փոքր եւ միջին ձեռնարկատերերի ճնշող մեծամասնությունը դժգոհ են բիզնես միջավայրի վիճակից:

please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG