Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը


Բելգիա - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 30-ը հունվարի, 2012թ.

Բելգիա - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 30-ը հունվարի, 2012թ.

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը երեքշաբթի օրը Թուրքիային կոչ է արել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցում հետեւել Գերմանիայի օրինակին եւ ընդունել սեփական անցյալը։

«Իմ առաջարկն է` լինել հնարավորինս բաց սեփական անցյալի հետ կապված, սա ապագային դեմ-հանդիման կանգնելու լավագույն եղանակն է», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Շուլցը Բրյուսելում Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ նման խորհուրդ է տալիս «որպես գերմանացի»։

«Դուք պետք է դեմ-հանդիման կանգնեք ձեր պատմությանը եւ թույլ տաք անկախ ուսումնասիրություններ, եւ եթե այդ անկախ հետազոտությունների եզրակացությունը լինի այն, որ խոսքը ցեղասպանության մասին է, դուք պետք է այն ճանաչեք», - հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը։

Ընդգծելով, որ իր երկրի անցյալը եւս «դյուրին անցյալ չէ, շատ դժվարին անցյալ է», գերմանացի խորհրդարանականը ասել է, որ նոր սերունդները, նույնիսկ եթե մեղավոր չեն, պետք է այնպես անեն, որպեսզի անցյալի սարսափները չկրկնվեն։

Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել հարգել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ «Ես գիտեմ, որ Եվրամիությունում շատերը կան, ովքեր ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքին են», - հայտարարել է Շուլցը` հավելելով, թե Թուրքիայից ակնկալում է «խնդրի կարգավորում»։

Թուրք նախարարը, իր հերթին, վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը, համաձայն որի` պատմության վերաբերյալ դատողություններ պետք է անեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները։

Բաղըշը հիշեցրել է 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով գիտական հանձնաժողով ստեղծելու` 2005 թվականին պաշտոնական Երեւանին Անկարայի արած առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG