Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը փորձում է միավորել ուժերը


Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին տիկնոջ հետ մասնակցում է իր հիմնադրած «Վրացական երազանք» շարժման շնորհանդեսին, Թբիլիսի, դեկտեմբեր, 2011թ.

Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին տիկնոջ հետ մասնակցում է իր հիմնադրած «Վրացական երազանք» շարժման շնորհանդեսին, Թբիլիսի, դեկտեմբեր, 2011թ.

Վրացական ընդդիմությունը վերջին ջանքերն է գործադրում` փորձելով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ միավորել ուժերը:

Մինչեւ փետրվարի վերջ Վրաստանի ամենահարուստ քաղաքացին` Բիձինա Իվանիշվիլին, կհրապարակի իր առաջնորդած ընդդիմադիր դաշինքին անդամակցած բոլոր կուսակցությունների ցանկն ու կբացահայտի ընդդիմության հետագա մարտավարության որոշ դրվագներ:

Իվանիշվիլին օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած դաշինքին կարող են մաս կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք երբեք չեն համագործակցել կառավարության հետ եւ որ հստակ արեւմտամետ մոտեցում ունեն:

«Մենք միավորելու ենք մեր բոլոր ռեսուրսները` ֆինանսական, կազմակերպական եւ մտավոր», - հայտարարում է Իվանիշվիլիին աջակցող մանր կուսակցություններից մեկի ղեկավար Ռեզո Շավիշվիլին:

Իվանիշվիլիի մարտավարությունը, սակայն, առաջիկա ամիսներին կարող է փոխվել` պնդում են վրացական աղբյուրները:

Եթե մի քանի ամիս առաջ վրաց միլիարդատերը հայտարարում էր, թե Սահակաշվիլիի հանդեպ հաղթանակի կհասնի բացառապես պառլամենտական մեթոդներով, եւ որ իր ղեկավարած ու ֆինանսավորած դաշինքը հաջորդ գումարման խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կստանա, ապա այսօր արդեն նա չի բացառում պայքարի փողոցային մեթոդները:

«Եթե իշխանությունները կեղծեն քվեների ասենք 20-30 տոկոսը, ապա մենք հաստատ դուրս կգանք հրեշտակի կերպարից ու կպայքարենք մեր ձայների համար», - «Ասավալ Դասավալ» թերթին տված հարցազրույցում շաբաթասկզբին ասել է Իվանիշվիլին։

Թբիլիսցի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն ասում է, որ ընդդիմադիր միլիարդատերն իր մոտեցումը պայքարի մեթոդների հանդեպ փոխեց այն բանից հետո, երբ իշխանությունները լրացումներ կատարեցին Ընտրական օրենսգրքում` զգալիորեն սահմանափակելով ընդդիմության հնարավորությունները:

«Իվանիշվիլին, թերեւս, հասկացավ, որ փոքր-ինչ միամիտ է` սահմանափակել պայքարի ձեւերը։ Սպիտակ ձեռնոցներով հնարավոր կլիներ պայքարել, եթե երկրում մի քիչ այլ կացություն լիներ», - նշում է վրաց քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG