Մատչելիության հղումներ

Փետրվարի 8-ի մամուլ


«Երկիր» օրաթերթն անդրադառնում է հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական ցուցանիշներին: Ըստ այդմ` արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պակասել է 130 հազարով` կազմելով շուրջ 2 միլիոն 870 հազար մարդ: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Ասել, թե սրանք սահմռկեցուցիչ թվեր են, նշանակում է` չասել ոչինչ: Արտագաղթն արդեն վաղուց վերածվել է համապետական աղետի, ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերի: Եթե նկատի ունենանք, որ առավել ինտենսիվ արտահոսքը տեղի է ունեցել հետճգնաժամային 3 տարիներին, առկա ժողովրդագրական ներկայիս խղճուկ պատկերի պատասխանատվության մեծ մասն ընկնում է այս իշխանությունների ուսերին: Մինչ երկրի վարչապետը մարդկանց արտահոսքը սքողում էր` վերագրելով մարդկանց արտագնա աշխատանքին, հանրապետության նախագահը հայտարարում էր, որ եթե պետական մարմիններն ավելի ինտենսիվորեն հակառակը համոզեն բնակչությանը, արտագաղթի խնդիր չի լինի առհասարակ: Զարգացող մտացածին երկիր ներկայացնելու, դրանով ինքնասփոփվելու, վարվող անհասկանալի սոցիալ-տնտեսական քաղաքականության, անվստահության, անարդարության եւ անպատժելիության մթնոլորտ ձեւավորելու արդյունքը սա էր լինելու: Բայց որքան էլ ցավալի է, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու»:

Նույն մտահոգությունն է արծարծվում նաեւ «Ժամանակ» թերթի մի հրապարակման մեջ: Մեկնաբանելով մարդահամարի նախնական տվյալները` թերթը գրում է. - «Այս թվերը բնականաբար արտացոլում են դեմոգրաֆիական այն տխուր պատկերը, որ առկա է Հայաստանում: Այսինքն, տասը տարվա ընթացքում Հայաստանը շարունակվել է դատարկվել: Իսկ սա միայն բնակչության թվաքանակ չէ, սա խոսում է երկրում տոտալ նահանջի մասին, որովհետեւ եթե տասը տարվա ընթացքում երկրի բնակչությունը նվազում է, կնշանակի նվազել է նաեւ երկրի կենսամակարդակը եւ այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, քան տասը տարի առաջ: Այստեղ կարող են տարօրինակ ընկալումներ լինել, սակայն ամեն ինչ շատ պարզ է՝ զուտ ճոխության, քանակի եւ փայլի առումով մենք այսօր իհարկե ավելին ենք, քան 2001 թվականին, սակայն հեռանկարների, սպասումների, հնարավորությունների առումով մենք այսօր շատ ավելի վատ վիճակում ենք, ինչն էլ արտացոլվում է ժողովրդագրական այս պատկերում: Սակայն, ամենից զարմանալին եւ տարակուսելին իհարկե այն է, որ մարդահամարի նախնական տվյալը Հայաստանում մի տեսակ շատ հանգիստ, իներտ ընկալման է արժանանում բոլոր կողմերից: Կարծես կա մի ներքին հաշտություն այդ իրավիճակի հետ եւ ոչ մեկի համար անակնկալ չէ, որ Հայաստանում ժողովրդագրական հետընթաց է արձանագրվում: Սա թերեւս ավելի վտանգավոր է, քան բուն ժողովրդագրական անկումն ինքնին»:

«Չորրորդ ինքնիշխանություն». - «Վերջին երկու մարդահամարների միջեւ ընկած տասը տարիներից վեցուկեսը բաժին են ընկնում Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածին, երեքուկեսը` Սերժ Սարգսյանի: Քոչարյանի օրոք, եթե հիշում եք, «երկնիշ տնտեսական աճ» էր ու «կազմակերպված պետություն», Սերժ Սարգսյանի օրոք` ճգնաժամի դեմ պայքար եւ «բարեշրջումներ»: Փաստորեն, այնպիսի տեմպերով ենք երկնիշ աճել ու բարեշրջվել, որ մարդիկ չեն դիմադել եւ հեռացել են Հայաստանից»:

«Հրապարակ»-ն արձագանքում է ներքաղաքական թեժացումներին. - «Ազգային ժողովի վերջին նստաշրջանը, պարզվեց, ամենաաղմկոտն ու հետաքրքիրն է լինելու այս խորհրդարանի պատմության մեջ: Տարբեր ցուցակներում զբաղեցնելիք տեղերի ու ստանալիք ձայների սպասումից պրկված նյարդերը տեղի են տալիս: Ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ մանդատներ են վայր դրվում: Կոճակ սեղմողների բազմությունը սկսում է բոյկոտել ԱԺ նիստերը: Տարբեր կուսակցություններից իրար մեսիջներ են փոխանցում՝ երբեմն լիդերների, երբեմն շարքային կուսակցականների բերանով: Նորմալ է: Դեռ ինչերի՜ ենք ականատես լինելու: Այս ամենի մեջ միայն մի տխուր բան կա՝ նախընտրական իրարանցումն ու դեմարշները բացարձակապես քաղաքական հենք չունեն: Ամեն ինչի հիմքում կամ էմոցիաներն են, որոնք խորացված նեւրոզ ունեցող կանանց բնորոշ դրսեւորումներ են հիշեցնում: Կամ շանտաժն է ու քաղաքական առեւտուրը, որից միայն փողի, անբարոյականության ու տհասության հոտ է փչում»:

Պատասխանելով «Հայոց Աշխարհ» թերթի թղթակցի հարցին, թե կան արդյոք լուրջ տարաձայնություններ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ` Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է. - «Որոշ անձինք շահադիտորեն շտապում են մեկնաբանել, թե կոալիցիան ճաքեր է տալիս, բայց սա ընդամենը նրանց ենթադրությունն է: Քաղաքական հարաբերություններում կարող են վեճեր լինել, բայց համընթաց ու միասնական ճանապարհը շարունակվի: ԲՀԿ-ի այս դրսեւորումը, չեմ էլ մտածում, թե Հանրապետականի դեմ է»:

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG