Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրենին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, կարեւորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ հաղորդագրության ասել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը:

Կիրիենկոն իր հերթին Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաեւ Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը:

«Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է եւ ՄԱԳԱՏԷ-ի, եւ Եվրամիության, եւ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար», - ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG