Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը Երեւանում կայացած բանակցությունների ավարտին: 7-ը փետրվարի, 2012թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը Երեւանում կայացած բանակցությունների ավարտին: 7-ը փետրվարի, 2012թ.

«Քննարկեցինք գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր», - Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` մանրամասնելով. - «Գյուղտեխնիկայի ձեռքբերման, որակյալ սերմնացուի ձեռք բերման հարցում, ինչպես նաեւ սերմնաբուծական մեր կենտրոնների արդիականացման հարցում»:

Վիտոր Զուբկովը տեղեկացրեց, որ ռուս-հայկական առեւտրատնտեսական համագործակցության շրջանակներում ռուսական կողմը մտադիր է Հայաստանում բացել «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչություն. - «Կարծում ենք, որ ի վիճակի ենք Հայաստանում բացել ներկայացուցչություն եւ սկսել վարկավորման աշխատանքներ գյուղատնտեսական ապրանք արտադրողների հետ»:

Զուբկովի խոսքով, Հայաստանում կարելի է բացել նաեւ «Ռոսագրոլիզինգ» ընկերության դուստր ձեռնարկություն, որը կզբաղվի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման աջակցությամբ:

Բացի գյուղատնտեսության բնագավառից, Ռուսաստանի առաջին փոխվարչապետը համագործակցության մեծ պոտենցիալ է տեսնում նաեւ կրթական ոլորտում: Ըստ նրա, այդ կապակցությամբ հաջորդ քայլը կարող է լինել Երեւանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման աշխատանքների ավարտը:

«Որեւէ երկրի հետ տնտեսական կապերի զարգացումն ինքնին վատ չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ավելին, ըստ նրա այդ կապերը պետք է ավելի ընդլայնվեն:

Սակայն կոնկրետ Ռուսաստանի պարագայում, Մեհրաբյանի մոտեցումն այլ է. - «Ի վերջո, խոսքը տնտեսական համագործակցության մասին է մի երկրի հետ, որն ինքնին ունի խիստ դեֆորմացված տնտեսություն, որն այստեղ ձեռնարկում է պլաններ, որոնք չի կարողանում տարիներ ի վեր գործարկել հենց իր մոտ` ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը, ազատականացմանը, նույն ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը»:

Ուստի, քաղաքագետի կարծիքով, թղթին հանձնված ծրագրերն «այդպես էլ կմնան թղթի վրա». - «Ռուսաստանն այստեղ պարզապես տեղ է զբաղեցնում իր համար` այլ հնարավորություններ չստեղծելով Հայաստանի օրվա իշխանության համար` այլ ուղղություններով կապեր զարգացնելու համար: Սա ուղղակի մի ազդանշան է, որ վասալային ֆորմատը հայ-ռուսական հարաբերությունների եւս մեկ անգամ ամրապնդվում է թե' հանրային գիտակցության մեջ, թե' միջազգային հանրության աչքերում»:

Ռուսաստանի մեկ այլ ծրագրի` Երեւանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ բացելու վերաբերյալ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե մենք խոսում ենք օտարալեզու կրթության մասին բարձրագույն կրթության մակարդակում, ես կարծում եմ, որ ռուսերենը չէ, որ պետք է լինի առաջնային այս հարցում»:

Փորձագետը նշեց, թե կարծիք կա, որ նման նախագծերը սովորաբար միտված են լինում ամրապնդելու ռուսական ազդեցությունը Հայաստանում. - «Ես դրանում տեսնում եմ նաեւ ընդհանուր միտում, որը… նաեւ նեոգաղութացման տերմիններով կարող ենք նշել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG