Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ


Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երեքշաբթի օրը հրապարակել է հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական ցուցանիշները, որոնց համաձայն վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 130 հազարով` կազմելով շուրջ 2 միլիոն 870 հազար մարդ:

Մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանի բնակչության, այսպես կոչված, հաշվեգրված թիվը, որում ներառվում են ինչպես առկա, այնպես էլ այդ պահին հանրապետությունից բացակայող մարդիկ, կազմել է 3 միլիոն 285 հազար մարդ:

Նախորդ` 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Հայաստանի հաշվեգրված բնակչության թիվը մոտ 3.5 միլիոն մարդ էր, իսկ հանրապետությունում առկա էին մոտ 3 միլիոնը: Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, հաշվեգրված բնակչության 12.6 տոկոսը կամ 415 հազար մարդ բացակայում է Հայաստանից:

Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այժմ հրապարկվում է 2011-ի հոկտեմբերի դրությամբ հաշվարկված թվերը: Սա վիճակագիրները համեմատել են տասը տարի առաջվա` 2001 թվականիի հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական արդյունքների հետ: Կույումջյանը նշեց, որ 2001-ի նախնական արդյունքները վերջնականից էականորեն չեն տարբերվել: Կույումջյանը առկա բնակչության թվաքանակի պակասումը 130 հազարով պայմանավորում է ինչպես արտագաղթով, այնպես էլ բնական աճի հետ կապված խնդիրներով:

«Բնակչության թվաքանակը ձեւավորում է ե'ւ բնական, ե'ւ մեխանիկական ազդեցությամբ: Ամեն մեկն իր գործոնը ունեցել է առկա բնակչության թվաքանակի ձեւավորման վրա», - ասաց Կույումջյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մարդահամարի տվյալները համարում է սարսափելի:

«Մենք բնական աճ չունենք, ներգաղթ չունենք, ունենք արտագաղթ: Իրականում դա սարսափելի թիվ է, եւ եթե որեւէ մեկը համարձակվի ասել, որ դե, ոչինչ, որ այսպիսի թիվ ունենք, դա նշանակում է, որ այդ մեկը իր վրա վերցնում է պատասխանատվություն ասելու` ոչինչ, որ Հայաստան երկիրը դատարկվում է», - ասաց Խառատյանը:

Չնայած նրան, որ ազգագրագետը մարդահամարի տվյալները համարում է մտահոգիչ, այդուհանդերձ, կարծում է, որ մարդահամարի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները մեղմացված են: Նա կարծում է, որ մարդահամարը վատ է անցկացվել ու բնակչության թվաքանակի իրական պատկերը չի արտացոլել:

«Ես խորապես վստահ եմ, որ այստեղ առնվազն 200-300 հազարի անստույգություն կա. ստույգ չէ, որովհետեւ մարդահամարն է վատ իրականացվել, իսկ մարդահամարը իսկապես վատ է իրականացվել, թե եղած հնարավորի մեջ ցանկալի պատկերն է ձգձգված ցույց տրված, բոլոր դեպքերում իմ ունեցած նյութերով այստեղ շատ մեղմացրած պատկեր կա», - ասաց ազգագրագետը:

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերջնական պատկերը վիճակագրական ծառայությունը կունենա գալիք հոկտեմբերին: Կարինե Կույումջյանն ասաց` այն նախնական արդյունքների համեմատ էական տարբերություն չի ունենա:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG