Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն բոյկոտեց Ազգային ժողովի նիստը


ԲՀԿ-ական պատգամավորները Ազգային ժողովում, արխիվային լուսանկար

ԲՀԿ-ական պատգամավորները Ազգային ժողովում, արխիվային լուսանկար

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց հայտարարություն, ըստ որի խմբակցությունը բոյկոտում է այսօրվա նիստը` պատճառաբանելով «խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ իրավիճակը», եւ լքեց դահլիճը:

Նաիրա Զոհրաբյանը չհասցրեց հրապարակել խմբակցության ամբողջական պատճառաբանությունը նիստերի դահլիճում, քանի որ նիստը նախագահող Սամվել Նիկոյանն անջատել էր նրա խոսափողը:

Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտում է միայն այսօրվա նիստը. խմբակցությունը չի քննարկել նիստերն ընդհանրապես բոյկոտելու հարցը, իսկ վաղվա նիստին կմասնակցեն: «Ինչի՞ համար… Մենք խորհրդարանում անելիքներ ունենք», - ասաց նա:

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան»-ի բոյկոտից հետո նիստը 20 րոպեով ընդմիջելու իր նախաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ ՀՀԿ-ի համար անսպասելի էր կոալիցիոն գործընկերոջ այս քայլը. - «Ենթադրելի չէր ինձ համար, որ պիտի քվեարկությանը չմասնակցեին»:

Դեռեւս կոալիցիայի անդամ համարվող «Բարգավաճ Հայաստան»-ը իր այսօրվա որոշումը բացատրում է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» եւ մի քանի այլ օրինագծերի հետ կապված երեկվա քննարկումով եւ դրան հաջորդած իրավիճակով: Երեկ հանրապետական պատգամավորները, գնահատելով այս օրինագծին «Բարգավաճ Հայաստան»-ի չքվեարկելու փաստը, հիշեցրել էին, որ դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է:

Նաիրա Զոհրաբյանն ասաց` նախագծի նպատակը բնավ էլ կոռուպցիայի դեմ պայքարը չէ:

«Վերամբարձ, ամպագոռգոռ հայտարարությունները չեն կոռուպցիայի դեմ պայքարը: Նախագիծը, ի դեպ, 2008 թվականից դրված է շրջանառության մեջ, եւ եթե այդքան հրատապ էր կոռուպցիայի դեմ պայքարը, եւ եթե իրականում դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն էր, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու հինգ տարի չէին որոշում կոռուպցիայի դեմ պայքարել: Օրենքը մեկ նպատակ է հետապնդում` հավելյալ եկամուտներ ապահովել բանկերի համար` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունն ընդդիմանում է մի օրինագծի, որը նախատեսում է արգելք 3 միլիոն դրամը գերազանցող կանխիկ գործարքների համար: Օրենքի ընդունման դեպքում պարտադիր է լինելու 3 միլիոն դրամը գերազանցող գործարքները բանկերի միջոցով կատարելը: Հակառակ պարագայում նախատեսված են տուգանքներ. նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով:

Վերջին շրջանում` հաշվի առնելով ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» փոխհարաբերությունների լարվածությունը, վերլուծաբանները համարում են, որ «Բարգավաճ Հայաստան»-ը զգուշանում է այս օրենքն իր նկատմամբ որպես մահակ կիրառելու հեռանկարից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այսօր երեւում է, որ Հայաստանում քաղաքական օլիգարխիայի շրջանակներում կատարվում է ոլորտների եւ քվոտաների վերաբաժանում: Իշխանությունը փորձ է արվում կենտրոնացնել Սերժ Սարգսյանի շուրջը, եւ այդ պատմությունը օրենքի նախագծի հետ կապված, ձեւավորվում է հենց այդ գործընթացի տրամաբանության շրջանակներում: Սա չէի նշի, որ կուսակցությունների միջեւ պայքար է: Ավելի շուտ` տնտեսական որոշակի լուրջ ռեսուրսների տիրապետող թիմերի միջեւ պայքար է, մրցակցություն է... «Բարգավաճ Հայաստան»-ը փորձում է հասարակական դիվիդենտներ ձեռք բերել` իր համար մանր եւ միջին բիզնեսի պաշտպանի կերպար ստեղծելով: Եվ դա շահարկելով` փորձել ճնշում բանեցնել իր գործընկեր թիմի վրա»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես անընդունելի համարեց «Բարգավաճ Հայաստան»-ի պնդումը, թե օրինագիծը հակասում է շարքային քաղաքացիների շահերին. - «Դա ընդամենը կարող էր վերաբերել 20 հազար ձեռներեցների... Ստվերից ձերբազատման խնդիր կա»:

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ի բոյկոտը ինչպե՞ս է անդրադառնում Հանրապետականի գործունեության վրա, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Ես կարող եմ խորքային քաղաքական վերլուծություններ կատարել, բայց այս պահին ընտրությունների ենք գնում, անհրաժեշտ է շատ հանդուրժողականություն մտցնել քաղաքական դաշտում, եւ ոչ միայն «Բարգավաճի» հետ կապված, այլ` ընդհանրապես: Մեր կոալիցիոն գործընկերն են, կփորձենք հասկանալ, թե բանն ինչումն է»:

Գալուստ Սահակյանն ասաց, թե «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի հետագա ճակատագիրն արդեն կառավարության խնդիրն է:

«Կառավարությունը այս պահին էլ աշխատում է, որ ձեւակերպումների փոփոխություններ մտցնի, ավելի հասկանալի դարձնի օրինագիծը: Գուցե այդ պայմաններում կառավարությունը նորից լրամշակված տարբերակը բերի, այս անգամ Հանրապետականը արդեն միայն իր վրա հույսը կդնի: Կարծում եմ, որ հակակոռուպցիոն այս օրենքը, որը շատ անհրաժեշտ է նաեւ մեր միջազգային իմիջի համար, նաեւ միջազգային ֆինանսական կառույցների համար, նորից բերելու դեպքում կանցնի, բայց այս անգամ ըստ երեւույթին ՕԵԿ-ի, Հանրապետականի եւ նաեւ կկարողանանք Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկությունները ընդունել կամ մեկնաբանել, ինչու չէ, կարծում եմ, հասկանալի կդարձնենք, կամ հասկանալի կդառնանք նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար», - ասաց նա:

Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության համար հասկանալի չի դարձել, թե ինչպես կարող է այս կուսակցության ներկայացուցիչը կողմ չքվեարկել խորհրդարանում ակտիվ խմորումների առարկա դարձած
նախագծին: Կուսակցությունն այսօր հրապարակել է հայտարարություն, ըստ որի քաղխորհուրդը որոշել է պատգամավար Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից` քանի որ նրա իրականացրած «քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիր» կուսակցության հետ»:

Այսօր Հանրապետականը «Բարգավաճ Հայաստան»-ի բոյկոտից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց, հետո շարունակվեց Ազգային ժողովի աշխատանքը: Հարցին, թե ինչո՞ւ նախընտրեց ընդմիջման տարբերակը, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «20 րոպե վերցրեցի, որովհետեւ քվեարկությունները, ըստ կանոնակարգի, պատեհ ժամանակ ենք անում: «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտի գնաց, քվորում կար, բայց դահլիճում պատգամավորներ քիչ էին»:

Ի դեպ, դահլիճում մնացած կոալիցիոն պատգամավորներն այսօր հատուկ ջանքեր գործադրեցին, որպեսզի ապահովեն մի շարք օրինագծերի քվեարկությունը: «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես են պատգամավորները քվեարկում ուրիշների փոխարեն:

XS
SM
MD
LG