Մատչելիության հղումներ

Փետրվարի 7-ը Facebook սոցիալական կայքում հայերեն գրելու օր սահմանելու նախաձեռնությամբ մի քանի օր առաջ հանդես եկավ Facebook-ի օգտատեր Զոհրապ Եգանյանը:

Նրա առաջարկին շատ արագ արձագանքեցին եւ հավանություն տվեցին բազմաթիվ օգտատերեր, ովքեր մինչ այդ գրում եւ դեռ չէին գրում հայատառ:

«Ձեր» բառի փոխարեն՝ գրված էր «Դզեր», «ձեռք բերել» բառերի փոխարեն՝ «դզերք բերել», «աջակցություն» բառը՝ «կ»-ի փոխարեն` «ք»-ով , «հեռախոսահամարը»՝ «ռ»-ի փոխարեն ՝ «ր»-ով: Արդեն սկսել էի ուրախանալ «շնորհակալություն» բառում հ-ի առկայության վրա, բայց ամեն ինչ փչացրեց «թ» տառի փոխարեն գրված «ց»-ն: Սա 6 տողանոց դիմումի մեջ արված տառասխալների ոչ ամբողջական ցուցակն էր, որը մի քանի օր առաջ հայտնվեց Facebook-ում եւ դարձավ բուռն քննարկումների առարկա, փետրվարի 7-ը Facebook-ում հայերեն գրելու օր հայտարարելու համար էլ՝ շարժառիթ:

«Մի քանի օր առաջ տեսա այդ չարաբաստիկ դիմումը որտեղ հայ երիտասարդը, դիմելով բջջային օպերատորին, դիմումի մեջ «Ձեզ» բառը գրել էր այնպես, ինչպես այդ բառը գրում ենք լատինատառ՝ «դզեզ»: Սա ինձ շատ անհանգստացրեց», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Զոհրապը:

Մեդիա փորձագետ, արձակագիր Մեսրոպ Հարությունյանը Facebook սոցիալական ցանցում գրանցված է մոտավորապես 1.5 տարի: Միշտ գրել է հայատառ` բոլոր ընկերներին հորդորելով նույնն անել, իր ստատուսների եւ հղումների տակ էլ չի հանդուրժում լատինատառ գրառումները: Եթե մեկնաբանում են կամ պատասխանում Մեսրոպ Հարությունյանին, գրում են միայն հայատառ հայերեն:

Բազմաթիվ երիտասարդներ ասում են, որ հայատառ գրում են միայն պաշտոնական հաղորդագրությունների դեպքում, ընկերների հետ շփվում են լատինատառ հայերենով, իրենց խոսքերով՝ հարմար է: Սակայն խոստովանեցին, որ դա վատ է ազդում հայերենի ուղղագրության վրա:

Երիտասարդների «այդպես հարմար է»-ին Մեսրոպ Հարությունյանը պատասխանում է. - «Չի կարող հարմար լինել, քանի որ լատինական այբուբենում չկա «չ», «ճ», «ը» տառերը: Սրանք գրելու համար պետք է անպայման չո՞րս (4) գրել, որ հասկացվի որ «չ» նկատի ունեն, կամ վե՞ց (6)` «շ»-ի փոխարեն»:


XS
SM
MD
LG