Մատչելիության հղումներ

Հակահայկական տրամադրություններ ռուսաստանյան քաղաքում


Ռուսաստան - 2010 թվականի դեկտեմբերի 11-ի հակակովկասյան բողոքի ցույցը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում

Ռուսաստան - 2010 թվականի դեկտեմբերի 11-ի հակակովկասյան բողոքի ցույցը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում

Ռուսաստանի Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում երեքշաբթի օրը սկսվել է դատական պրոցես, որտեղ մեղադրանք է ներկայացված հայազգի երիտասարդ Ալիկ Սիմոնյանին, իսկ տուժողը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու 19-ամյա Ալեքսեյ Երշովն է:

Անցած տարի սեպտեմբերին քաղաքի ակումբներից մեկում վեճ է տեղի ունեցել հայերի եւ ռուսների միջեւ, ինչի արդյունքում Երշովը վիրավորվել էր` նրան դանակահարել էին: Տեսախցիկները ցույց են տվել, որ վերջինը ռեստորանից Ալիկ Սիմոնյանն է դուրս եկել: Բացի այդ, Երշովը, նրա կինը եւ բարմենը վկայություն են տվել Սիմոնյանի դեմ: Հայ երիտասարդն ասում է, որ Երշովին չի դանակահարել:

Հոկտեմբերին Սիմոնյանին ձերբակալել են, ապա 600 հազար ռուբլու (շուրջ 20 հազար դոլար) դիմաց ազատ արձակել: Սակայն գործին խառնվել են ֆուտբոլային ֆանատները։ Անցած ամիս շուրջ 250 ֆուտբոլային ֆանատներ են եկել Մոսկվայից, ովքեր երթով անցել են քաղաքի փողոցներով ու «արդար դատավարության» իրենց պահանջները ներկայացրել իշխանություններին:

Անսթափ վիճակում գտնվող երիտասարդների երկու խմբերի միջեւ շարքային ծեծկռտուքը վերածվել է ազգամիջյան կոնֆլիկտի։

Կալուգայի մարզի այս փոքրիկ քաղաքում, որի բնակչությունը 30 հազար է, այսօր հավաքվել են, մի կողմից, հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք եկել են աջակցելու Սիմոնյանին, մյուս կողմից` «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն ու պարզապես քաղաքի ռուս բնակիչները, ինչպես նաեւ մի քանի տասնյակ լրագրողներ, այդ թվում` Մոսկվայից:

Դատավարությունը մի քանի օր է տեւելու, եւ բոլորն այսօր խոսում են Մոսկվայի Մանեժնայա հրապարակի մասին, որտեղ 2010 թվականի դեկտեմբերին տասնյակ հազարավոր ռուս երիտասարդներ հակակովկասյան ցույց էին անցկացրել: Նրանք բողոքում էին, որ իրենց ընկերոջ սպանության համար ձերբակալված կովկասցուն ազատ էին թողել: Այդ օրը տուժածների մեջ կային նաեւ հայ անչափահաս դպրոցականներ:

Իրավիճակը ներկայումս այս քաղաքում լարված է, ուժեղ են հակակովկասյան տրամադրությունները:

Միջադեպին անդրադարձել են կենտրոնական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, ընթանում է դատավարություն, եւ դեսպանությունը հետեւում է դատավարությանը։

Ավելի վաղ Կալուգայի մարզի իրավապահները գործ են հարուցել «Казачий взгляд» թերթի գլխավոր խմբագրի դեմ, ում մեղադրում են ազգայնամոլության մեջ:

Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում ապրում է շուրջ 600 հայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG