Մատչելիության հղումներ

Սինքրոն լողի ֆեդերացիան մոռացության է մատնված


Սինքրոն լողի ֆեդերացիան մոռացության է մատնված
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Սինքրոն լողի ֆեդերացիան ստեղծվել է 1996 թվականին: 16 տարվա ընթացքում տարածաշրջանում միակ սինքրոն լողի ֆեդերացիան լուրջ արդյունքներ, ցավոք, չի գրանցել:

Սեդա Խաչատրյանն արդեն 8 տարի է զբաղվում է սինքրոն լողով: Այս սպորտաձեւով զբաղվելու ընտրությունը մայրիկինն էր, սակայն ինքն էլ դեմ չէր, քանի որ ջուր շատ էր սիրում: Նշում է` սպորտաձեւը բարդ է եւ արդյունքի հասնելու համար հարկավոր է երկարատեւ ու տքնաջան պարապել: Որքան էլ մարզումների վերջում հոգնած է տուն վերադառնում, այնուամենայնիվ, իրեն լիարժեք երջանիկ է զգում, եթե իր առջեւ դրված բարդ շարժումները սովորած է լինում:

Սպորտում Սեդան լուրջ հաջողություններ գրանցել է 2011-ին. - «Սամարայում մասնակցել եմ միջազգային մրցույթին եւ զբաղեցրել եմ երկրորդ տեղը: Մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը եւ զբաղեցրել եմ առաջին տեղը: Իրոք այս սպորտը բարդ է, եւ ինձ թվում է, պետք է շատ աշխատել եւ կամքի ուժ ունենալ»:

Հետագայում սինքրոն լողում կմասնագիտանա, թե ոչ, Սեդան դեռ չի որոշել, այսօր ունի շատ այլ հետաքրքրություններ: Նաեւ կիթառ է նվագում, իսկ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվում: Սական նշում է` ինչ մասնագիտություն էլ ընտրի, լողն իր ծրագրերից չի հանի:

Սինքրոն լողի ֆեդերացիան ստեղծվել է 1996 թվականին: 16 տարվա ընթացքում տարածաշրջանում միակ սինքրոն լողի ֆեդերացիան լուրջ արդյունքներ, ցավոք, չի գրանցել: Հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը նշում է, որ ողջ Հայաստանում ֆեդերացիան ունի ընդամենը 13 հոգուց բաղկացած հավաքական, իսկ այլ մրցակից խմբեր, ակումբներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ թանկ սպորտաձեւ է, իսկ ոլորտը զարգացնելու համար ներդրումներ գրեթե չեն արվում: Հավաքականը նույնիսկ սինքրոն լողին համապատասխան լողավազան չունի մարզումները պատշաճ կերպով իրականացնելու համար:

«Մեր ամենամեծ խնդիրը` որ պարապելու տեղ չունենք: Հիմա բոլոր լավ լողավազանները մասնավոր են, ու բոլորը մեծ գումարներ են ուզում, իսկ մենք այդ հնարավորությունը չունենք: Պոլիտեխնիկի լողավազանում ենք պարապում, նախկին ռեկտորը թույլ էր տալիս, անվճար պարապում էինք, բայց այսօր նորից գումար են ուզում», - նշում է Թավրիզյանը:

Այս սպորտաձեւում լուրջ հաջողություններ գրանցելու համար մարզիկներից պահանջվում է ամենօրյա 6-8 ժամյա մարզումներ: Թավրիզյանը հիշում է. երբ ինքն էր մարզիկ, պարապում էին օրը երկու անգամ եւ ամենաքիչը 6 ժամ լինում էին ջրում. - «Հիմա մեր մարզիկները շաբաթը 4 անգամ են պարապում, 1-1.5 ժամ են ջրում: Դահլիճում պարապելու պայմաններ էլ չունենք: Խորեոգրաֆիա, գիմնաստիկա, ակրոբատիկա պետք է պարապեն, բայց այդ հնարավորությունը չունենք»:

Այսօր սինքրոն լողի լավ մարզիչների պակաս Հայաստանը չունի, սակայն Թավրիզյանը նշում է, որ այդ մարզիչներին Հայաստանում ու առհասարակ ֆեդերացիայում պահելու խնդիր ունեն. - «Իմ մեծ երեխաներից մասնավոր լողավազաններում լող են սովորացնում ու մոտ 100.000-150.000 են ստանում: Իմ աշխատավարձը 42.000 է, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, եւ պարզ է, որ այդ աշխատավարձով չեն գա սինքրոն լող սովորացնելու»:

Թավրիզյանը մեծ ցավ է ապրում, նշում է, որ երեխաները լավն են ու փայլուն հավաքական կարող էին ունենալ, եթե մի քիչ ուշադրություն ցուցաբերվեր այս սպորտաձեւին, սակայն չեն հուսահատվում, քանի որ սպորտի նախարարությունից իրենց տեղեկացրել են, որ մշակվում է ծրագիր 2013 թվականից ֆեդերացիայի ֆինանսավորումն ավելացնելու համար, իսկ մինչեւ այդ` 2012-ի հետ կապված հավաքականն արդեն ծրագրեր է մշակել:

«Հունիսին միջազգային մրցաշար ունենք Շվեդիայում, երկու հոգի կմասնակցեն, Հայաստանի առաջնություն ունենք եւ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կունենանք», - նշում է Թավրիզյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG