Մատչելիության հղումներ

logo-print

Դեմիրճյանը «բարդագույն խնդիր» է համարում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի ձեւավորումը


Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյան

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյան

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմումը «բարդագույն խնդիր է»:

Նշենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում հայտնվել էին հրապարակումներ, թե ընդդիմադիր դաշինքում, որն ընդգրկում է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժեր, տարաձայնություններ են ի հայտ եկել համամասնական ցուցակի ձեւավորման հարցի շուրջ:

«Ինչ վերաբերվում է տարաձայնություններին, ապա դա հեշտ գործ չէ: Ցուցակ կազմելը բավականին լուրջ, ծանր գործ է: Պրոբլեմներ լինում են նույնիսկ մեկ առանձին կուսակցության դեպքում, բնականաբար, հեշտ չէ ցուցակ կազմել, երբ մի միավորման մեջ ընդգրկված են տասից ավելի կուսակցություններ, կան նաեւ անհատներ, անարժան մարդիկ: Մի խոսքով, բարդ գործ է, բայց անլուծելի խնդիր չկա», - ասաց Դեմիրճյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ը բանակցություններ վարո՞ւմ է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության, կամ միգուցե նախընտրական դաշինքի ստեղծման շուրջ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. - «Արդար ընտրությունների շուրջ կարելի է համագործակցել ամենատարբեր ուժերի հետ: Այս առումով, իհարկե, պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ: Ինչ վերաբերում է դաշինքին, ապա հիմա դաշինքների մասին որեւէ խոսք չկա, ինքնին արդեն բարդագույն խնդիր է ցուցակ ձեւավորել այս դաշինքով: Չմոռանանք, որ ՀԱԿ-ը արդեն ինքնին լուրջ միավորում է»:

Դեմիրճյանը տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի վերջը ՀԱԿ-ը ավարտին կհասցնի իր համամասնական ցուցակի կազմումը, ինչպես նաեւ կորոշի` եթե առաջադրումներ լինելու են նաեւ մեծամասնականով, ով որտեղ է առաջադրվելու:

«Ժամանակ դեռ կա, կարծում եմ, փետրվարի վերջին հստակություն կմտնի այս հարցում», - ասաց նա:

Ընդդիմադիր գործչի խոսքով, չնայած համոզմուքն կա, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները, սակայն Կոնգրեսը, այնուամենայնիվ, պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. - «Շատերն ասում են` իմաստ չունի ընտրությունների գնալը, միեւնույն է կեղծելու են: Իսկ ի՞նչ է տալու չգնալը: Պետք է գնալ, պետք է շարունակել պայքարը»:

«Պառլամենտական ընտրությունները նոր լիցք կհաղորդեն գործունեությանը, կակտիվացնեն հասարակությանը, եւ սա կլինի ճիշտ քայլ: Ընդդիմության գործունեությունը ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ունենա լուրջ ներկայություն Ազգային ժողովում», - հայտարարեց ՀԺԿ առաջնորդը:

Հարցին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը քանի պատգամավորական մանդատ է ակնկալում, Դեմիրճյանը արձագանքեց. - «Եթե գնում ես ընտրությունների, ուրեմն պետք է մոբիլիզացնես ուժերը, պետք է ամեն ինչ անես հաղթելու համար... Մեծամասնություն կամ առնվազն շատ զգալի ներկայություն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG