Մատչելիության հղումներ

Թուրք նախարարի հայտարարությունը «պրովոկացիոն էր»


Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով Էգեմեն Բաղիշ

Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով Էգեմեն Բաղիշ

Շվեյցարիայի հայ համայնքը այժմ որեւէ մեկնաբանություն կամ հայտարարություն անելու կարիք չունի` Շվեյցարիայի արդարադատության համակարգը արդեն իսկ հետամուտ է եղել Բաղըշի հայտարարությանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց Շվեյցարիա - Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը։

Ցյուրիխի դատարանը որոշել է հետաքննություն սկսել Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարության կապակցությամբ, որում նա ժխտել է Հայոց ցեղասպանությունը եւ հավելել, թե չի վախենում իր խոսքերի համար ձերբակալվելուց։

«Դատախազությունը իր գործունեությունը արդեն իսկ բավական հմուտ ձեւով առաջ է տանում, եւ պետք չկա, որ որեւէ մի այլ գործոն մասնակցի դատական գետնի վրա գործունեություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շվեյցարիա - Հայաստան ընկերակցության նախագահը` հավելելով. - «Ընդհանրապես, շվեյցարական դատախազությունը շատ լրջորեն է առնում այս խնդիրը, քանի որ արդեն երկու անգամ վճիռ է կայացրել ժխտողականների դեմ»։

Սարգիս Շահինյանի կարծիքով` թուրք նախարարի հայտարարությունը պրովոկացիոն բնույթ ունի, պարզապես վրիպում չէ, արտահայտում է Թուրքիայի պետական քաղաքականությունն ու արվել է հստակ նպատակով։

«Հենց իր հայտարարության մեջ ինքը այդ մարտահրավերի ձեւն էլ որդեգրել է, ինքը ասել է` «ես մարտահրավեր եմ նետում այստեղի իշխանություններին, որպեսզի գան եւ ինձ ձերբակալեն այս ասածիս համար», - ընդգծեց Շահինյանը։

Նա պատահական չի համարում նաեւ, որ այս քայլը տեղի ունեցավ Շվեյցարիայում, «քանի որ Թուրքիայի ռազմավարությունը կապված է նրա հետ, որ ուզում են ծիծաղելի դարձնել, տկարացնել այդ օրենսդրությունը ժխտողականության դեմ, որը գործում է, եւ ամբողջ աշխարհում այս պահին միակ տեղը, որ այդ օրենսդրությունը գործում է, Շվեյցարիայում է»։

«Այսինքն, եթե, Թուրքիայի տեսանկյունից, իրենք կարողանան տկարացնել կամ նույնիսկ ոչնչացնել Շվեյցարիայի օրենսդրության կիրառությունը, ուրեմն` դա կնշանակի, որ ոչ պակաս չափով դա պիտի կարողանա կիրառվել Ֆրանսիայում։ Եվ դա շախմատի խաղ է, որը իրենք փորձում են այս պահին անել առաջին հերթին Շվեյցարիայում, որպեսզի վերջնական հարվածը հասնի Ֆրանսիային», - մանրամասնեց շվեյցարահայ գործիչը։

Նրա կարծիքով, «այս պրովոկացիան պարոն Էգեմեն Բաղըշի կողմից` Շվեյցարիայի օրենսդրությունը ծիծաղելի դարձնել, պետք է ավարտվի բավական վատ անակնկալով` թե՛ իր համար եւ թե՛ Թուրքիայի պետական ժխտողականության համար»։

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ թուրքերը ներողություն կխնդրեն այս արտահայտության համար կամ կփորձեն փոքր-ինչ մեղմել իրավիճակը, Սարգիս Շահինյանը արձագանքեց. - «Թուրքիայի պետական ժխտողականությունը այս պահին պատահական մի արտահայտություն չէ` դա պետական գետնի վրա որոշված ռազմավարություն է, եւ ես կարծում եմ, որ դեռ, դժբախտաբար, խաղի պահի է։ Մենք մոտենում ենք ցեղասպանության 100-ամյակին, եւ Թուրքիայի պետությունը պետք ունի մեկ անգամ ընդմիշտ խեղդելու այս իրողությունը»։

Այդուհանդերձ, շվեյցարահայ գործչի համոզմամբ, «ինչ էլ լինի` իրողությունը մակերեսի վրա պիտի գա, եւ Թուրքիայի համաշխարհային պետական մակարդակի վայել վերաբերմունք չէ` այս ձեւով Հայոց դեմ գործած ցեղասպանությունը շարունակել ժխտել»։

«Ժամը եկել է, որպեսզի իրենք էլ, ինչպես որ Գերմանիան արեց, քաջություն առնեն եւ իրականությունը մեկ անգամ ընդմիշտ ընդունեն», - ամփոփեց Շվեյցարիա - Հայաստան ընկերակցության նախագահը։

Hurriyet Daily News պարբերականը այսօր հաղորդում է, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ռեյմոն Կունցը։ Շվեյցարացի դիվանագետից բացատրություններ են պահանջել Բաղըշի դեմ հարուցված գործի առնչությամբ եւ փոխանցել, թե այդ փաստը անընդունելի է պաշտոնական Անկարայի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG