Մատչելիության հղումներ

Փետրվարի 7-ի մամուլ


«168 ժամ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Մինչ կոալիցիոն յուրաքանչյուր հանդիպումից հետո իշխանական խոսնակները հայտարարում են «կոալիցիոն համերաշխության» մասին, երեկ ԱԺ-ում հերթական անգամ ապացուցվել է, որ կոալիցիան իրականում կախված է մազից: «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» եւ նույն խնդրին վերաբերող` կառավարության ներկայացրած օրինագծերը երեկ ԱԺ-ում տապալվել են ԲՀԿ խմբակցության պատգամավորների չքվեարկելու պատճառով: Իրականում խնդիրն այդ օրենքների բովանդակությունը չէ, այլ այն, որ ոչ այնքան սկզբունքային նշանակություն ունեցող օրինագծերն անգամ կոալիցիան չի կարողանում անաղմուկ անցկացնել»: «Ակնհայտ է, որ կոալիցիոն գործընկերներն արդեն մի կերպ են հանդուրժում մեկը մյուսին, եւ դա տեւում է այնքան ժամանակ, մինչեւ նախագահականում կայանում է հերթական հանդիպումը, եւ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գործիչները «հանդուրժողականության» նոր չափաբաժիններ են ստանում: Կբավականացնի՞ հանդուրժողականության այդ «պաշարը» մինչեւ ԱԺ ընտրություններ: Հազիվ թե», - ամփոփում է թերթը:

Նույն թեմային է անդրադառնում նաեւ «Երկիր» օրաթերթը. - «Իհարկե, սա դեռ կոալիցիոն իշխանական երկու ուժերի վերջնական ապահարզանը չէ: Խորհրդարանն այն հարթակը չէ, որտեղ կայացվում են նման շրջադարձային որոշումներ: Դա երկու կուսակցությունների ղեկավարների բացառիկ իրավունքների շրջանակներում է: Բայց իր այս քայլով ԲՀԿ-ն հստակ ցույց տվեց, թե իրականում որքան բան է կախված իրենից` իշխանության պահպանման տեսանկյունից, եւ թե ուղղակի կամ անուղղակի խորհրդարանական ընդդիմությանը հակվելու դեպքում ինչ լրջագույն խնդիրներ կարող է առաջադրել թե՛ ՀՀԿ-ին եւ թե՛ կառավարությանը, որոնք սովոր են առանց դիմակայության ու առարկությունների ԱԺ-ում հաստատված տեսնել իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները` անկախ դրանց բովանդակությունից»:

Մամուլը շարունակում է արձագանքել լրագրող Հայկ Գեւորգյանին առնչվող աղմկոտ իրադարձություններին: «Հրապարակ»-ը գրում է. - «Հիմա, երբ Հայկ Գեւորգյանն ազատության մեջ է, կարող ենք կատարվածից հետեւություններ անել եւ դասեր քաղել: Անշուշտ, հասարակական աղմուկն իր դերը խաղաց, եւ սա այն քիչ դեպքերից է, երբ, անկախ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից, բոլորը միակարծիք էին, որ ոստիկանությունը, մեղմ ասած, սխալ է թույլ տվել եւ պետք է ժամ առաջ ուղղի այն: Մեղադրանքն այնքան անհեթեթ էր, որ անգամ մեծ ցանկության դեպքում դժվար էր համաձայնել ոստիկանության հետ: Միաժամանակ՝ կարող ենք շատ տխուր հետեւություն անել՝ եթե նման սխալներ են թույլ տալիս լրագրողի նկատմամբ, ինչե՜ր են անում շարքային քաղաքացիների հետ, եւ արդյո՞ք դրանք հասնում են հասարակությանը»:

«Մի քանի ամիս առաջ իշխանությունն ուզում էր եթե ոչ ամբողջությամբ արգելել, ապա գոնե էապես սահմանափակել օլիգարխների (այսպես կոչված՝ «գործարարների») մուտքը խորհրդարան», - իր տպավորությունն է փոխանցում «Առավոտ»-ի խմբագիրը` շարունակելով. - «Դրանով փորձ էր արվում Ազգային ժողովին տալ քիչ թե շատ «մարդկային դեմք»: Բիզնեսը եւ քաղաքականությունը բաժանելու մասին համապատասխան հայտարարություն էր արել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն վերջերս այդ ծրագրերը, կարծես թե, վերանայվեցին: Դատելով նրանից, որ իրենք՝ բիզնեսմենները, արդեն իսկ հայտարարել են, որ ցանկանում են պատգամավոր դառնալ, ինչպես նաեւ քաղաքական գործիչների պնդումներից, այդ օլիգարխները բացարձակապես օլիգարխ չեն, այլ ակտիվ օրենսդիրներ, պետք է ենթադրել, որ «գործարար խավը» ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նույն քանակությամբ, եթե ոչ՝ ավելի լայն: Բնականաբար, նրանք չեն բանավիճի այն մասին, թե երկրի զարգացման որ կոնցեպցիան է ավելի արդյունավետ կամ արդիական: Նրանց «բանավեճը» լինելու է բացարձակապես այլ թեմայով՝ ով է ժողովրդին ավելի «ղուրբան լինում», ով է նրա «դարդին դարման անում» եւ ով է նրա «ոտից փուշ հանում»»:

«Ազգ»-ը հարցազրույց է հրապարակել Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի հետ: Լրագրողի հարցին, թե վիզաների դյուրացման դեպքում, դեպի Եվրոպա արտագաղթի մտավախություն չկա, դեսպանը պատասխանել է. - «Միգրացիոն ռեժիմի բանակցությունները ենթադրում են երկու հարթությունՙ վիզաների դյուրացում եւ ռեադմիսիա: Եթե որեւէ երկրի քաղաքացի ժամանում է Բելգիա եւ փորձում անօրինական ճանապարհով մնալ, եւ եթե Բելգիական իշխանությունները մերժում եւ հետ ուղարկելու որոշում են կայացնում, ապա տվյալ երկիրը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին: Իսկ ռեադմիսիան այն փաստաթուղթն է, որը կարգավորում է միգրացիոն գործընթացը եւ նվազեցնում անօրինական միգրացիան: Որքան հեշտացվի ելք ու մուտքի գործընթացը, այնքան մեր քաղաքացիները չեն փորձի ամեն գնով կացության կարգավիճակ փնտրել օտար երկրներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG