Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն ու Միխայիլ Ֆրադկովը մեկնում են Սիրիա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Արտաքին հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի ուղեկցությամբ, երեքշաբթի օրը մեկնում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, որտեղ բանակցելու է նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Լավրովը չի մանրամասնել այցի նպատակը` նշելով միայն, թե «երբ պետության ղեկավարի հանձնարարությամբ որեւէ պատվիրակություն այց է կատարում, առաքելության մասին հաղորդվում է միայն հասցեատիրոջը»։

Նախօրեին նա բացատրել է փետրվարի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող բանաձեւի օրինագիծը վետոյի ենթարկելու նպատակը։

«Օրինագծի հեղինակների ցանկությունն էր պարտադրել Սիրիայի վարչակարգին դադարեցնել բռնի գործողությունները, սակայն որեւէ պահանջ չներկայացնել հակամարտության մյուս կողմին», - ասել է Լավրովը եւ ավելացրել .- «Այդ տարբերակով ընդունել` կնշանակեր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է քաղաքացիական պատերազմի կողմերից մեկին»։

Լավրովը երեկ ասել է, որ Սիրիայում արյունահեղության աղբյուրը մեկը չէ, այնտեղ ոչ միայն բանակը, այլեւ զինված ապստամբներն են մարտական գործողություններ իրականացնում։

«Կարելի է միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ բանաձեւի հեղինակները մերժել են քվեարկությունը գոնե մի քանի օրով հետաձգելու մեր առաջարկը, որի նպատակն էր իրավիճակը քննարկել Դամասկոս ձեր խոնարհ ծառայի եւ Միխայիլ Ֆրադկովի այցից հետո», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ռուսաստանցի որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, թե Լավրովն ու Ֆրադկովը Սիրիայի նախագահի հետ խոսելու են նրա հնարավոր հրաժարականի մասին, սակայն ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` «կողմերը քննարկելու են Սիրիայում կայունություն հաստատելու հնարավորությունը»։

Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդը եւ դեսպանատան մնացած աշխատակիցները երկուժաբթի օրը հեռացել են Դամասկոսից։ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ դեսպանատունը փակվում է, քանի որ սիրիական կողմը չի երաշխավորում դիվանագետների անվտանգությունը։

Իսկ Մեծ Բրիտանիան խորհրդակցությունների նպատակով ետ է կանչել Սիրիայում հավատարմագրված դեսպանին։

Արեւմտյան պետությունները դատապարտել են Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նկատմամբ վետո սահմանելու Ռուսաստանի եւ Չինաստանի որոշումը, նշելով, որ «դրանով այդ երկու երկրները աջակցություն են ցույց տվել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի վայրագ գործողություններին»։

Փորձագետների տվյալներով` Սիրիայում անցյալ տարվա մարտին սկսված բախումների ընթացքում զոհվել է շուրջ 6 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG