Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց կարծիքներ են հայտնում Հայկ Գեւորգյանի ազատ արձակելու վերաբերյալ:

Իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով, Հայկ Գեւորգյանին ստորագրությամբ ազատ արձակելու հարցում դերակատարություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը:

«Հաստատ չեմ կարող ասել, բայց փաստորեն գործողությունների ընթացքը դա է ցույց տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աճեմյանը:

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամներից ոմանք արտահայտվել էին լրագրողին անազատության մեջ պահելու դեմ եւ խնդրել էին, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաեւ իրենց կարծիքը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Հայկ Գեւորգյանին ստորագրությամբ ազատ արձակելու մի քանի պատճառ է տեսնում: Նախ, նրա խոսքով, հասարակությունը շատ կտրուկ արձագանքեց, իսկ նախընտրական շրջանում դա անտեսել հնարավոր չէր:

Բախշյանը հավելեց, թե ոստիկանության եւ դատախազության միջեւ լուրջ հակասություններ կան. - «Այն, որ հանրապետական կանայք արդեն բողոքի ձայն բարձրացրեցին… նախագահի մոտ բարձրացրեցին այս խնդիրը, սա արդեն ասում է այն մասին, որ այս քաղաքացիական նախաձեռնության ճնշումը ունի ազդեցություն: Ուզեցին ինչ-որ վրեժ լուծել` հերթական փնթի, չմտածված, երկրի շահերից չբխող, արդարադատության շահերից չբխող քայլ արեց ոստիկանությունը»:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ Գեւորգյանի վտանգավորության աստիճանը հաշվի առնելով են նրան ազատ արձակել. գտել են, որ ազատության մեջ լրագրողն այդքան էլ վտանգավոր չէ:

Բայց, Զոհրաբյանի խոսքով, քննության լինելու է եւ գործը անպայման մտնելու է դատարան. - «Դա իրավական պետության հիմքն է: Ես կողմ եմ, որ բոլոր հարցերը` կլինի քրեական թե քաղաքացիական, լուծվեն դատարանում, այսինքն` իրավունքով»:

ՀՀԿ-ի մեկ այլ ղեկավար ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե կարծիք կա, որ այս քրեական գործը հետապնդում է լրագրողի նկատմամբ, ասաց. - «Չէ, բացարձակապես: Հանցանք է: Միջին ծանր մարմնական վնասվածք պատճառելը վրաերթի հետեւանքով Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է: Եվ… չի ներկայացել: Եթե ներկայանար, խափանման միջոցը կալանք չէին կիրառի: Ինչո՞ւ պիտի հետապնդեն»:

Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») չի հավատում, որ Հայկը կարող էր վրաերթի ենթարկել մեկին, թողնել անօգնական եւ լքել դեպքի վայրը: Պատգամավորի համար այս գործում բազմաթիվ հարցականներ կան:

«Ոչ միայն որպես Հայկի հետ տասը տարի աշխատած մարդու, այլ նաեւ որպես պատգամավորի, քաղաքացու, ինձ համար բազմաթիվ հարցեր են առաջանում: Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես կարող էր մարդը լինել հետախուզման մեջ, բայց հանգիստ գնալ աշխատանքի, մասնակցել կառավարության նիստերին, լիներ այն նույն գերատեսչություններում, որտեղ ծառայողական հսկողություն են իրականացնում նույն ոստիկանական համակարգի աշխատողները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ այդ հարցերի պատասխանները ստանալու համար դիմել է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին:

Նշված հանձնաժողովի ղեկավարը` Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան») «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն ունի եւ վաղն առավոտյան հանդիպելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Դաշնակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանի համար էլ այս պատմության մեջ «անհեթեթություններ շատ կան». - «Հեռուստատեսությամբ այդ զավեշտական «տուժածի» ինտերվյուն լսեցի, որը ասաց, թե կպել է ոտքին, բայց ինքը գլխից է ցնցում ստացել… Այնքան զավեշտական է այս ամենը, եւ քանի որ նաեւ մեր իրավական համակարգի ձեռագրին ես ծանոթ, ակամայից չես կարող եզրակացություն չանել դրա պատվիրվածության, կանխամտածվածության, կանխակալության մասին»:

«Ես գիտեք ինչն եմ ափսոսում», - շարունակեց պատգամավորը, - «որ մեր հասարակությանը բացարձակապես տեղ չենք տալիս հավատալու ինստիտուտներին: Ինձ տվյալ ինստիտուտի հեղանակազրկման հանգամանքն է ավելի շատ անհանգստացնում, քան տվյալ լրագրողի: Որովհետեւ ես վստահ եմ, որ լրագրողի խնդիրը պիտի լուծվի: Վարկաբեկում ենք մի լուրջ ինստիտուտ: Ինչպե՞ս կարելի է այդքան ոչ պրոֆեսիոնալ լինել, թխել գործեր եւ կես ժամ հետո հասկանալ, որ դրանք թխված են եւ պետք է վերախմբագրել, սրբագրել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG