Մատչելիության հղումներ

Բրիտանացի վերլուծաբանները` Հայաստանի բանակի մասին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (աջից) եւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (աջից) եւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը հանդես է եկել Հայաստանի զինված ուժերին վերաբերող մի հրապարակմամբ, որում հանգամանալից վերլուծության է ենթարկել բանակի ներսում տիրող իրավիճակը:

«Զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, եւ այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաեւ անընդունելի վարքագծի այլ դրսեւորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել` կապված զինվորական կարգապահության անկման եւ հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ». - վերլուծությունն այս արձանագրմամբ է սկսում «Օքսֆորդ անալիտիկա»-ն` բխեցնելով, թե այս խնդրի լուծման` իշխանությունների ակնհայտ անկարողությունը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի պաշտպանության համակարգի բարեփոխման` արդեն իսկ սկսված գործընթացի, այնպես էլ առհասարակ` տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի վրա:

Զինծառայողների նվաստացման եւ մահվան փաստերը, վերլուծական կենտրոնի մատուցմամբ, Հայաստանի հանրության շրջանում բուռն եւ զգայական բանավեճերի տեղիք են տվել:

«Ու մինչ հանրային զայրույթն ու քաղաքական ճնշումն ահագնանում է, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իսկապես պայքարում է խնդրի լուծման համար», - նշում է զեկույցը` հավելելով, թե ի լրումն այս ամենի, խնդիրը տարակարծությունների տեղիք է տվել հենց նախարարության ներսում, ինչը դրսեւորվում է երկու հակառակորդ խմբավորումների առկայությամբ:

Այդուհանդերձ, «Օքսֆորդ անալիտիկա»-ն ընդգծում է, որ խնդիրը ցայտուն է դարձել հենց նախարար Օհանյանի որդեգրած` առավել թափանցիկ, բաց եւ բարեփոխական գործելաոճի արդյունքում:

«Իրականում ոչ մարտական պայմաններում մահացությունների ընդհանուր թիվն այժմ ավելի քիչ է, քան անցած տարի: 2011 թվականին մահվան միայն 26 դեպք է արձանագրվել, մինչդեռ 2011-ին այդ թիվը 43 էր», - փաստում է «Օքսֆորդ անալիտիկա»-ի վերլուծությունը:

Անդրադարձ կա նաեւ բանակի, այսպես կոչված, պահպանողական թեւին, որում գերակշռում են հին սերնդի զինորականները: Այդ թեւի ներկայացուցիչները, ըստ զեկույցի հեղինակների, դեմ են ցանկացած իրական բարեփոխման, քանի որ դա կարող է քայքայել կամ վտանգել Հայաստանի ռազմական կառույցում վերջիններիս ազդեցությունն ու իշխանությունը: Հենց նրանք էլ, ըստ զեկույցի, խոչընդոտում են բարեփոխումների ընթացքը, եւ վտանգ կա, որ Սեյրան Օհանյանը կարող է դառնալ իր իսկ որդեգրած թափանցիկ գործունեության զոհը:

Հրապարակման մեջ խնդիրը դիտարկվում է նաեւ առաջիկա ընտրությունների համատեքստում. - «Այժմ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կցուցաբերի՞ անհրաժեշտ աջակցություն այս լուրջ մարտահրավերը հաղթահարելու համար», - հարցադրում է անում «Օքսֆորդ անալիտիկա»-ն եւ հավելում, որ հակառակ պարագայում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այս խնդիրը կարող է մոբիլիզացնել բազմաթիվ ուժերի` սկսած աջ ազգայնականներից մինչեւ լիբերալ-դեմոկրատները:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Համաձայնելով «Օքսֆորդ անալիտիկա»-ի գնահատականներին` Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այդ հրապարակումը հատկապես կարեւորվում է այն առումով, որ հայկական բանակի բարեփոխման հաջողությունը մեծապես պայմանավորելու է «առհասարակ Հայաստանի պետական քաղաքական համակարգի դեմոկրատացման համար մղվող պայքարի հաջողությունը»:

Կիրակոսյանը չի կասկածում, որ Հայաստանի պաշտպանական համակարգում ի վերջո հաղթանակ են տանելու երիտասարդ, բարեփոխական զինվորականները` նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

«Ապագան նրանցն է` չնայած առկա մարտահրավերներին», - ասում է քաղաքագետն ու հավելում. - «Հայաստանն ու հայկական բանակը ճգնում են առաջ գնալ, ոչ թե հետընթաց ապրել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG