Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Սասուն Միքայելյանը չի կարող դառնալ Հրազդանի քաղաքապետ:

«Ես համոզված եմ, որ ինքը չի ընտրվելու, որովհետեւ այդ հնարավորությունը չունի: Հրազդանցիները շատ խելացի, գրագետ մարդիկ են, հրազդանցիների աշխարհընկալումը շատ ընդգրկուն, եւ չեմ կարծում, որ [Միքայելյանին] հնարավորություն կտան քաղաքապետ դառնալու», - ասաց Շահգալդյանը` միաժամանակ հավելելով, որ ինքը, Միքայելյանի ընտրվելու դեպքում, նրա հետ աշխատելու խնդիր չի ունենա:

Հիշեցնենք` Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Հրազդանը 10 տարի ղեկավարած, գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի անդամ Արամ Դանիելյանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը:

Կովալենկո Շահգալդյանը կարծում է, որ1996 -1999 թվականներին Հրազդանը ղեկավարած Միքայելյանը դեռ այն ժամանակ չի կարողացել լավ աշխատել, «ուր մնաց, թե հիմա աշխատի»: Շահգալդյանը կրկին հայտարարեց, որ պաշտպանում է գործող քաղաքապետի թեկնածությունն ու օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է, որ նա նորից դառնա քաղաքապետ:

«Ես ի լուր աշխարհի ասել եմ, որ ես ակտիվորեն պաշտպանելու եմ պարոն Դանիելյանի թեկնածությունը, որովհետեւ նա մեր կուսակցության անդամն է վաղուց, եւ կարծում եմ, որ ինքը ավելի լավ քաղաքապետ է, քան մյուս թեկնածուն», - ասաց մարզպետը:

Ավել վաղ Արամ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, թե եթե Միքայելյանը չառաջադրվեր, ինքը եւս չէր առաջադրվի, բացի այդ, այս պահին իրեն այլընտրանք չկա: Սասուն Միքայելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ հենց մարզպետն է Արամ Դանիելյանին հորդորել առաջադրվել հերթական անգամ:

«Արամը իրոք չի ուզեցել իր թեկնածությունը դնել, մարզպետն է ստիպել, որ առաջադրվի: Մարզպետն ասել է` չէ, պետք է մնաս, մարզպետն իրեն է պահել Արամին, որ հանկարծ Արամը անցնի, ինքը պատգամավոր դառնա կամ իր հարցերը լուծի: Բայց դա իրեն չի հաջողվի, բոլոր դեպքերում չի հաջողվի, ես թույլ չեմ տա, որ մարզպետի կարգի մարդիկ էս ժողովրդի կյանքն ուտեն», - ասաց Միքայելյանը:

Ընդդիմադիր թեկնածուն մարզպետին հորդորեց հանգիստ թողնել Հրազդանը եւ Կոտայքի մարզը:

«Թող հեռու գնա էս երկրից, էս տարածքից, էս ժողովրդի կյանքը կերավ, հերիք է: Արամին էլ դարձրել է իր խամաճիկը, իրար հետ մարդ են բռնել տալիս, ահաբեկում են, ամեն ինչ անում են», - ասաց Սասուն Միքայելյանը:

Անցած շաբաթ Միքայելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել էր մի շարք խախտումների մասին, որոնք թույլ են տալիս մարզպետն ու գործող քաղաքապետը: Նա մասնավորապես ասել էր, որ իր երկու համակիրներին ազատել են աշխատանքից:

Մինչդեռ մարզպետը պնդում է, որ խախտումների մասին տեղյակ չէ, ու եթե լինեն էլ, ապա ինքն իր իրավասության շրջանակներում պատրաստ է դրանք վերացնել:

«Երթեր են անում, հանդիպումներ են անում, մենք որեւէ տեղ խոչընդոտ հարուցե՞լ ենք, կարծում եմ, որ ոչ: Կարող է մեկն էլ ինքնագործունեությամբ է զբաղվել: Թող մեզ հստակ ինֆորմացիա տան, կզգուշացնենք, նույնիսկ կպատժենք այն անհատներին կամ ղեկավարներին, որոնք հանդգնում են օրենքը խախտել», - ասաց Շահգալդյանը` պնդելով, որ 1996 թվականին Սասուն Միքայելյանը բազմաթիվ խախտումներ է ընտրվել քաղաքապետ. - «Կարծում եմ, հրազդանցիների հիշողությունը շատ լավ է, բոլորը գիտեն, թե ընտրությունները 90-ականներին ինչ ոճով են արել»:

Շահդալգյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ որպես մարզպետ` ամեն ինչ անելու է, որ առաջիկա կիրակի օրը Հրազդանում կայանալիք ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ:

«Հիմա էլ եմ շեշտված ասում, որ այս ընտրությունները Հրազդանում բացառապես կազմակերպվելու են օրենքի շրջանակներում եւ կարող եք, չկասկածեք, լինելու են արդար, թափանցիկ», - ասաց նա:

Երկու կողմերի միջեւ առկա լարվածությունը փոխանցվել է նաեւ հրազդանիցներին, ովքեր երկու ճակատի են բաժանվել: Նրանց մի մասը դեմ է գործող քաղաքապետին ու ուզում է Միքայելյանին տեսնել քաղաքապետի պաշտոնում, մյուս մասն էլ դժգոհում է Միքայելյանից ու մատնանշում է Դանիելյանի կատարած գործերը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG