Մատչելիության հղումներ

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է` երիտասարդների օրհնության օրը


Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգը Երեւանի Սիրահարների այգում

Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգը Երեւանի Սիրահարների այգում

Այս տարի փետրվարի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը:

Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արդեն 7-րդ տարին է, ինչ տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում, որոնց հիմնական մասնակիցները երիտասարդներն են:

Այսօր առավոտյան Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

Երեւանի Սիրահարների այգում Արարատյան հայրապետական թեմի կազմակերպած համերգի մեկնարկն իր այցով ազդարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման սկզբում իր մաղթանքը հղեց Սուրբ Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը:

Երիտասարդների արագահաս բարեխոսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլեւ ժողովրդական ավանդույթներով:

Երիտասարդներից շատերը հավատում են, որ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Տոնին շատերը փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասում Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` զորավարը պետք է անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը` այդ տարի կիրականանա նրա երազանքը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում էլ բացվեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին իրենց նկարներն էին ներկայացրել կենտրոնի սաները:
XS
SM
MD
LG