Մատչելիության հղումներ

«Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» օրենքում կատարված փոփոխությունն արդեն երեք օր է ուժի մեջ է:

Ստամբուլում արդեն վեց տարի աշխատող միգրանտներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` միգրանտների շրջանում խուճապ կա, բայց դեռ ոչ մեկը չգիտի, թե ինչ պետք է անի: Նա ասաց` օրենքի պահանջներին հետեւելու դեպքում մարդիկ պարզապես կկորցնեն իրենց աշխատանքը:

«Մնալու ենք այնքան, մինչեւ դեպորտ անեն, եթե անելու են», - ասաց նա:

Նոր օրենքով օտարերկրացին Թուրքիայում կարող է մնալ 90 օր եւ կրկին կարող է Թուրքիա մուտք գործել միայն երեք ամիս անց: Օրենքը խախտողներին սպառնում է արտաքսում հինգ տարով, իսկ եթե պարզվի, որ միգրանտը նաեւ անօրինական աշխատող է, ապա տուգանք է վճարելու ինչպես ներգաղթյալն, այնպես էլ գործատուն: Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անօրինական աշխատող հայտնաբերելու դեպքում գործատուն կտուգանվի մոտ 4000 դոլարով, իսկ ապօրինի ներգաղթյալը` մոտ 400 դոլարով:

Միգրանտների համար նաեւ տուրք է սահմանվել: Տարեց անձանց խնամողները եւ ընտանիքներում աշխատողները պետք է հաշվառվեն եւ վճարեն օրական մոտ 1 դոլար տուրք: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայում մոտ 1 միլիոն անօրինական միգրանտ կա: Հայերի թվաքանակի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա: Խոսվում է 10-15 հազար հայ միգրանտի մասին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էլ 50-70 հազար հայի էր մասին էր բարձրաձայնել, թե կարտաքսի:

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տվյալներ է ներկայացնում Թուրքիայի վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից:

«Այստեղ տեղադրված են Թուրքիա մտնող եւ երկրից դուրս եկող բոլոր օտարերկրյա քաղաքացիների տվյալները: Ըստ 10 տարվա տվյալների` (2000-2010 թվականների) հայերի ընդհանուր թիվը կազմում է 5964 մարդ, այսինքն սրանք այն մարդիկ են, ովքեր մնացել են Թուրքիայում եւ չեն վերադարձել», - ասաց Դավթյանը:

Գյումրիից բավականին մեծ թվով ընտանիքներ են աշխատում Թուրքիայում: «Անի» թաղամասի շենքերից մեկում արդեն Թուրքիայից վերադարձողներ կան: Նորայրը, ով մինչ օրենքի ուժի մեջ մտնել էր Հայաստան վերադարձել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կինն ու որդին դեռ Ստամբուլում են, ինքն էլ առաջիկայում պատրաստվում է հետ գնալ:

«Անօրինական համարյա 10 տարի մնացել ենք: Էլի անլեգալ էր պետք է շարունակենք մնալ, ուրիշ տարբերակ չկա, կամ պետք է ետ գանք: Թե ինչ պիտի լինի, չգիտենք», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG