Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն` Ростелеком ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող GNC-alfa ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

Ростелеком-ից եւ GNC-alfa-ից այսօր մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Ռուսաստանյան ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ բաժնետոմսերը գնվել են 22.5 միլիոն դոլարով, որ GNC-alfa-ն ունի մոտ 1 500 կիլոմետր երկարություն ունեցող ցանց եւ ընդգրկում է Հայաստանի տարածքի շուրջ 70 տոկոսը:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, GNC-alfa-ն փաստորեն հանդիսանում է լայնաշերտ ինտերնետ ներմուծող հայաստանյան խոշորագույն ընկերությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե Հայաստան լայնաշերտ ինտերնետ ներմուծող երեք խորոշ ընկերությունների` «ԱրմենՏել»-ի, «Ֆայբերնետ»-ի ու GNC-alfa-ի չափաբաժինները ողջ շուկայում որքա՞ն են, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փոխանցեցին, թե այսօր հնարավոր չէ ճշտել այդ տեղեկությունը, քանի որ պատասխանատուն գտնվում է կառավարությունում: Տվյալներ չեն տրամադրում նաեւ նշված երեք ընկերությունները` պատճառաբանելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը ասաց, թե նախարարությունը GNC-alfa-ի գնման մասին պաշտոնական տեղեկություն չունի:

Տոնոյանը նաեւ մեջբերում կատարեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքից, ըստ որի «լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը կարգավորողը [Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը] լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու համաձայնությունը տալիս է նախապես համաձայնեցնելով Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ»:

«Մենք դեռեւս նման փաստաթուղթ չեն ստացել», - ասաց Տոնոյանը` հավելելով, որ առանց իրենց համաձայնության գործարքը չի կարող կայացվել:

Ростелеком-ի մամուլի հաղորդագրության համաձայն, GNC-alfa-ն ռուսաստանյան ընկերության օտարերկրյա առաջին ձեռքբերումն է: Մյուս կողմից, ըստ նույն հաղորդագրության, GNC-alfa-ի անցած տարվա եկամուտը կազմել է 11 միլիոն դոլար: Մինչդեռ, Ростелеком-ը ընկերությունը ձեռք է բերել 22.5 միլիոն դոլարով: Հարց է առաջանում` ինչո՞ւ GNC-alfa-ում որոշեցին այդքան գումարով վաճառել ընկերության բաժնետոմսերի գերակշիռ մասը ռուսներին, եթե մոտ երկու տարվա ընթացքում կարող էին նշված գումարի չափով եկամուտ ստանալ:

Արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ Ростелеком-ը որոշել է հայաստանյան շուկայում իրականացնել «ագրեսիվ քաղաքականություն», որի արդյունքում GNC-alfa-ի եկամուտները կաճեն, ինչը ձեռնտու է GNC-alfa-ի մնացած մոտ 25 տոկոս ունեցող բաժնետերերին (որոնք, ի դեպ, անհայտ են), բայց կարող է հայաստանյան ինտերնետ շուկայում ստեղծել մենաշնորհին մոտ մի իրավիճակ:

Սրա օգտին է թերեւս խոսում նաեւ այն տեղեկությունը, թե Ростелеком-ը մտադիր է ձեռք բերել նաեւ Ucom ընկերությունը, որը, սակայն, հետո հերքվեց:

«ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը եւ Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, թե իրենց ընկերություններին չի մտահոգում Ростелеком-ի մուտքը հայաստանյան շուկա: Իրենք ողջունում են դա եւ կարծում են, որ Ростелеком-ի մուտքը միայն կուժեղացնի մրցակցությունը, ինչից կօգտվի սպառողը:

Մինչդեռ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելու` Ростелеком-ի մտադրությունները ամբողջովին բացառել չի կարելի:

«Մոտ 40 քաղաք GNC-alfa-ն արդեն ունի: Այսինքն, ոչ միայն Երեւանում է շատ արագ էքսպանսիայի հնարավորություն ունենում [Ростелеком-ը], այլեւ մարզերում», - ասաց փորձագետը:

Մարտիրոսյանը նշեց, թե կարող է լինել նաեւ քաղաքական ենթատեքստ` բերելով «մի քիչ չճշտված» հետեւյալ օրինակը. - «Երբ Ռուսաստանում ընտրություններից հետո ինչ-որ խնդիրներ կային ցանցի հետ, նաեւ Հայաստանում էին դիտվում պրոբլեմներ` այն դեպքերում, երբ Ростелеком-ի միջոցով էինք դուրս գալիս համացանց: Այսինքն` ես տեսականորեն միգուցեեւ խնդիր եմ տեսնում, որ եթե Ռուսաստանում մտցվի կապի ինչ-որ ֆիլտրացում, ապա դա կարող է նաեւ անդրադառնալ մեզ վրա` որպես այդ ցանցի մի մաս»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG