Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով համաժողովը


Անվտանգության հարցերով մյունխենյան նախորդ համաժողովներից մեկը
Անվտանգության հարցերով մյունխենյան նախորդ համաժողովներից մեկը
Մյունխենում ուրբաթ օրը մեկնարկում է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական միջազգային համաժողովը, որին կմասնակցեն մոտ յոթ տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Մասնակիցների թվում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ու Եվրամիության արտգործնախարար Քեթրին էշթոնը։

Հայաստանը համաժողովում կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչդեռ Ադրբեջանը որոշել է միջազգային հավաքին մասնակցել նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մակարդակով։

Արեւմտյան լրատվամիջոցների կանխատեսումներով, սպասվում են բավական թեժ քննարկումներ. օրակարգում են արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունները, դրանց հետեւանքները, Սիրիայում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ Եվրոպայի տարածքում առկա «սառեցված» հակամարտությունները։

«Մենք պետք է ռուսների հետ քննարկենք` որն է ամենաօգտակար եւ նպաստավոր ճանապարհը այս հակամարտությունների կարգավորմանը օժանդակելու եւ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար», - համաժողովից առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` սպառազինությունների հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը, ով տարիներ շարունակ բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ` ռազմավարական եւ հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը թարմացնելու շուրջ։

Համաժողովի կազմակերպիչները նաեւ հույս ունեն, որ այս հանդիպման ընթացքում պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան կհարթեն տարաձայնությունները Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու շուրջ։ Հանդիպումից առաջ, մասնավորապես, համաժողովի նախագահ, հեղինակավոր գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, թե կողմերին ներկայացվելու է փոխզիջումային տարբերակ, որը կարող է գոհացնել թե՛ Մոսկվային, թե՛ Հյուսիսատլանտյան դաշինքին։

Հիշեցնենք` Կրեմլը կտրականապես դեմ է արտահայտվում այդ ծրագրին` պնդելով, որ համակարգն իրականում ուղղված է ոչ թե Իրանի կամ որեւէ այլ երրորդ երկրի, այլ հենց Ռուսաստանի հրթիռային զինանոցի դեմ։ Այժմ եվրոպացի դիվանագետները հայտարարում են, թե գրեթե երկու տարի կողմերի հետ շարունակված բանակցությունների արդյունքում կարողացել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները մերձեցնող տարբերակ գտնել, եւ հույս ունեն, որ այն կընդունվի հենց այստեղ` մյունխենյան 48-րդ համաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG